Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

5 զոհ, 5 վիրավոր. Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա

5 զոհ, 5 վիրավոր. Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել 
անցորդների վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Դրա հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է:

«Շատ ծանր դեպք է։ Ցավակցում ենք ընտանիքներին։ Հինգ հոգի զոհվել է։ Ցավոք, նրանցից մեկը մեր աշխատակիցն է: Հինգ հոգի վրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է: Նրան վիրահատում են, և բժիշկներն առայժմ չեն կարող ասել, թե որքան ծանր է նրա վիճակը: Վնասվել է զարկերակը, և հնարավոր չէ ասել՝ նա ողջ կմնա, թե ոչ։ Տա Աստված, որ ողջ մնա», - ասել է Գոմելաուրին։

Նախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է տեղի ունեցել այս հանցագործությունը։

«Մի քաղաքացի տնից կրակ է բացել ավտոմատ հրազենից: Տանը եղել է նրա երեխան՝ չափահաս տղան: Նա սկսել է կրակել պատշգամբի մի կողմից, հետո՝ մյուս կողմից», - պատմել է Գոմելաուրին։

Դրանից հետո, ըստ նախարարի, զինված անձի երեխան դուրս է եկել բնակարանից։

«Այնուհետև ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Նա մյուս կողմից է կրակ բացել և վիրավորել մեր սպային, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին», - ասել է Վրաստանի ՆԳ նախարարը։

Երբ դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, որը կասկածյալին կոչ է արել հանձնվել և բացել դուռը, հնչել է կրակոց։

«Երբ նրանք (խմբ.՝ հատուկ ջոկատի սպաները) ներս են մտել, նա պառկած էր մահճակալին, իսկ զենքը կողքին էր... Կային նաև մի քանի նռնակների պահանակի օղակներ: Հնարավոր էր ականապատում, սակրավորներ են կանչվել։ Այժմ նրանք ավարտել են (խմբ.՝ աշխատանքը)»,  - ասել է Գոմելաուրին։

Կասկածյալի տղան չի կարողացել նշել միջադեպի պատճառը։

«Նա ոչինչ չի կարող ասել: Նա ասաց, որ երբ դուրս է եկել, դիակներ են եղել, և նա փախել է», -  հավելել է Գոմելաուրին։

Այս հանցագործության մեջ կասկածյալը Վրաստանի պաշտպանության ուժերում ծառայել է մինչև 2021 թ.-ը։

«Մեզ անմիջապես հաստատեցին, որ (խմբ.՝ կասկածյալը) աշխատում էր 2006 թ.-ից, իսկ 2021 թ.-ին հեռացել էր: Մեզ նաև հաստատեցին, որ նա առաքելությամբ եղել էր Աֆղանստանում», - ասել է Գոմելաուրին։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի ձեռքբերում, պահում և կրում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]