Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ավելի քան 250 բարձրակարգ բժիշկ 15 զարգացած երկրից. հայկական Docus ստարտափը կյանքեր փրկող հարթակ է մշակել

Ավելի քան 250 բարձրակարգ բժիշկ 15 զարգացած երկրից. հայկական Docus  
ստարտափը կյանքեր փրկող հարթակ է մշակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատահում է, երբ բուժառուն որևէ խնդրի շուրջ լիարժեք եզրակացություն ստանալու համար կարիք է ունենում այցելել մի քանի բժշկի կամ, լքելով հայրենիքը, ստանալ խորհրդատվություն այլ երկրների բարձրակարգ հիվանդանոցների բժիշկներից: Հայկական Docus ստարտափի մշակած տելեբժշկության հարթակը, լուծելով խնդիրը, Եվրոպայի և ԱՄՆ-ի  250 լավագույն բժիշկներին կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ: 

TAT_4296.JPG (259 KB)

«Մեր նպատակն է լավագույն բժշկական փորձը հասանելի դարձնել բոլորին: Տեսնում ենք աշխարհը, որի ցանկացած անկյունում, ցանկացած բուժհաստատություն կարող է բուժառուի համար ապահովել որակյալ բուժօգնություն՝ հենվելով համաշխարհային մակարդակի գիտելիքի և փորձի վրա»,- «Արմենպրես» հետ զրույցում ասաց ստարտափի համահինադիր, տեխնոլոգիական տնօրեն Գևորգ Նազարյանը: 

2021 թվականի նոյեմբերից ստարտափի հիմնադիրներ Գևորգ Նազարյանը և Ռոբերտ Սարգսյանը, թողնելով Մոսկվայում իրենց  շահութաբեր բիզնեսը, տեղափոխվում են Հայաստան և սկսում Docus-ի վրա աշխատել: Համահինադիրներից Նազարյանի խոսքով՝ գաղափարի գեներացման փուլում մեծ ներդրում է ունեցել Krisp, 10Web ընկերությունների ու BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

TAT_4268.JPG (281 KB)

«Զգացինք, որ կա նման հարթակի պահանջարկ: Հաճախ պատահում է, երբ բուժառուները կարիք են զգում նույն խնդրով տարբեր բժիշկների դիմել՝ հասկանալու իրենց ունեցած խնդրի լուծման ճանապարհները: Կարիք է լինում նաև լքել երկիրը՝ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի թոփ բժիշկներին իրենց խնդրին ծանոթացնելու համար: Խորացանք ու հասկացանք, որ նման դեպքերը ավելի շատ են, քան մենք պատկերացնում ենք»,- նշեց Նազարյանը: 

Docus-ն անվտանգության բարձր ստանդարտներով web հարթակ է, որի միջոցով հնարավոր է ստանալ համաշխարահային մակարդակի բուժում: Հարթակն ունի Եվրոպայի և ԱՄՆ-ի 15 երկրներից ավելի քան 250 թոփ մասնագետների բազա, որոնք 30 րոպեանոց տեսազանգով կամ գրավոր տարբերակով կապվում են տեղի ընտրված գործընկեր բուժհաստատության բժիշկների հետ՝ ծանոթանալով  հարթակում առկա բուժառուի առողջապահական բոլոր գրառումներին և  բուժման իրենց տարբերակն են առաջարկում: 

«Շատ մանրակրկիտ ենք ընտրում բժիշկներին՝ անպայման ուշադրություն դարձնելով փորձին, կրթությանը, հեղինակությանը, գիտական գործունեությանը, համագործակցության շրջանակներին: Ունենք քաղցկեղի, կարդիոհիվանդությունների, նյարդաբանական և այլ հիվանդությունների բժիշկներ՝ նպատակ ունենալով ավելացնել ցանկը»,-ասաց համահիմնադիրը: 

Հարթակում ներգրավված բժիշկներից յուրաքանչյուրը իր մատուցած ծառայությունների համար իր գինն է առաջարկում: Կան բժիշկներ, որոնք սիմվոլիկ գումար են պահանջում՝ կարևորելով փորձի փոխանակումը և հումանիտար առաքելությունը։

TAT_4317.JPG (257 KB)

Հիմնադրները ստարտափը հիմնելիս դիտարկել են հայկական շուկան, սակայն հիմա կոնտրոնացած են Հնդկաստանի վրա, որի շուկան զգալիորեն մեծ է: 

«Ներդրումների տեսանկյունից դժվար է Հայաստանից սկսելը: Ներդրողները ուշադրություն են դարձնում շուկայի մեծությանը ու պոտենցիալ աճին, որի պատճառով սկսել ենք Հնդկաստանից:  Առաջիկա 1-2 տարիներին նպատակ ունենք այլ շուկաներ էլ մուտք գործել, Հայաստանն էլ այդ շարքում կլինի»,- նշեց Նազարյանը:

Նմանը չունեցող ստարտափը փակել է նախասաղմանային փուլի ներդրումները: Ստարտափին աջակցել են Formula, BigStory վենչուրային ֆոնդերն ու հրեշտակ ներդրողները: 

Docus-ի կայացման գործում անմասն չեն մնում բարձրակարգ խորհրդատուները: Թիմը 8 հոգուց է բաղկացած՝ առաջիկայում նպատակ ունեն ևս մի քանի անդամով համալրել իրենց թիմը: 

Docus-ի համահիմնադիրը ընդգծում է՝ ստարտափ ունենալը լավ բան է, բայց երբ գիտակցում ես, որ ի հավելում դրան, արածդ աշխատանքը կարող է կյանքեր փրկել, աննկարագրելի մոտիվացիա է առաջանում: 

Կարինե Տերտերյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am