Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

2024-ին Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում. ստորագրվել է հուշագիր

2024-ին Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում. 
ստորագրվել է հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարսի անալոգային ուսումնասիրությունների անցկացման մասին Երևանում հուշագիր է ստորագրվել Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ hուշագիրը ստորագրել են Հայաստանի օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանն ու Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրոմերը։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Գրոմերի խոսքով` մեկ տարի անց Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում։ 

«Հույս ունեմ, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն կունենա նախագծի նորարարական մշակումների ներգրավման տեսանկյունից: Արդեն 20 երկրների ներկայացուցիչներ այս ուսումնասիրություններին միանալու պատրաստակամություն են հայտնել»,- ասաց Գրոմերը։

Նա նշեց, որ նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։

«Առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, սակայն այդ մասին դեռ չգիտեն»,-նշեց ավստրիացի գիտնականը։

Գրոմերը հայտնեց նաև, որ առաքելությունից հետո Հայաստանի տարբեր քաղաքներում մի շարք դասախոսություններ կանցկացվեն, որոնց ընթացքում կներկայացվեն դրա մանրամասները։

Օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանի համար սա մեծ և կարևոր քայլ է։

«Բոլորս այստեղ ենք հանուն երազանքի` նվաճել տիեզերքը, այն նոր տուն դարձնել։ Եվ դա շատ մեծ քայլ է այդ ուղղությամբ»,- ասաց Մեհրաբյանը։

ԱՏՁՄ տնօրեն Հայկ Չոբանյանը կոչ արեց կրթական հաստատություններին օգտվել պատմական հնարավորությունից և ակտիվ մասնակցել նախապատրաստական աշխատանքներին: 

«Կարևոր են Հայաստանում նմանատիպ նշանակալի իրադարձությունները, քանի որ դա նաև երկիրը դիրքավորում է համաշխարհային քարտեզի այն տեղում, որտեղ մենք արժանի ենք լինել»,- ասաց Չոբանյանը:

Հայաստանում անցկացվող առաքելությանը կմասնակցեն 250 գիտնականներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: 





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am