Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հարցը դեռ չի լուծվել

Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հարցը դեռ չի լուծվել

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցեց խորհրդանշական  ցուցադրությամբ՝ այցելուներին ներկայացնելով իր հարստության փոքր հատվածը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող 25 հազարից ավելի ցուցանմուշներ կան, որոնց թիվն ամեն տարի պեղումների արդյունքում ավելանում է։

345867785_532011258954757_8078486341483153554_n.jpg (323 KB)

Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերուժան Մինասյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ ցուցանմուշներն հասարակության համար հասանելի չեն` շենքային պայմանների բացակայության պատճառով: Թեև 2018 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի նախկին շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին, մինչ օրս դեռ տեսանելի քայլեր արված չեն կառույցի վերանորոգման ու թանգարանային պայմաններին հարմարեցման ուղղությամբ: Մինասյանն ասաց, որ նախագիծը ևս կա, բայց աշխատանքներ չեն իրականացվում։

345984837_1280821412603687_6624480295573040994_n.jpg (393 KB)

Նախնական որոշմամբ՝  նշվել է նաև կառույցի մեկ հատվածում պատկերասրահ ունենալու մասին: Ըստ նախնական հաշվարկի` շենքը նորոգելու համար անհրաժեշտ է 1 մլրդ 200 մլն դրամ գումար: «Ըստ նախագծի` թանգարանն ունենալու է ոչ միայն ցուցադրության սենյակներ, այլ նաև ֆոնդերի պահպանման հատված, ռեստավրացիոն սենյակ և այլն, մնում է միայն կառավարության ուշադրությունը և գումար՝ հատկացված կառույցը վերանորոգելու ու թանգարանի ցուցանմուշները տեղափոխելու համար»,- նկատեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

346029503_926633411940699_878375737410483503_n.jpg (557 KB)

Ըստ Մինասյանի՝ դեռ 2018 թվականին թանգարանի՝ նորմալ շենք ունենալու որոշումն ուրախացրեց բոլորին, թանգարանին աջակցելու համար դրամահավաքի մասին ևս խոսվում էր, սակայն, ինչպես տարիներ առաջ, հիմա ևս թանգարանը տեղակայված է Գյումրու Մյասնիկյան փողոցի 118 հասցեում գտնվող վթարային շենքի 6 սենյակում, իսկ հատկացված շենքի մասով ոչ մի աշխատանք իրականացված չէ:

346037122_786811946096120_1419245086554771586_n.jpg (356 KB)

1930թ.-ին ստեղծված երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 25 հազար ցուցանմուշ, տարիներ շարունակ զրկված է շենքային և գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից:

346100993_1407007106700399_5521600605260447347_n.jpg (263 KB)

Հին քարե դարի՝ 500 հազար տարվա վաղեմության եզակի նմուշներից մինչև ուշ միջնադարի խեցեգործական ցուցանմուշներ ու զարդեր, ամենահին երաժշտական գործիքներ, 2000 տարվա հնության ապակեղեն, կենդանիների հիանալի պահպանված մնացորդներ, կարպետներ, գորգեր ու զենքեր, Տրոգոնթերյան փղի ժանիքը՝ սրանք բոլորը տարիներ շարունակ մնում են փակի տակ՝ թանգարանի ֆոնդում՝ արկղերի մեջ, միայն երբեմն-երբեմն հանվում ու ներկայացվում են այլ թանգարաններում կազմակերպվող ցուցադրություններում, մինչդեռ, նորմալ պայամաններում ներկայացնելու դեպքում այս թանգարանը կդառնա Գյումրու ու ողջ մարզի կարևոր այցեքարտերից մեկը:      

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am