Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Համերգը սկսեց ինչպես հրեշտակը, եզրափակեց ինչպես սատանան. Հաուսերը «պայթեցրեց» երևանյան բեմը

Համերգը սկսեց ինչպես հրեշտակը, եզրափակեց ինչպես սատանան. Հաուսերը «պայթեցրեց» երևանյան բեմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ինչպես ինքն է հարցազրույցներում հաճախ նշում, համերգն սկսեց հրեշտակի պես, եզրափակեց սատանայի նման: Խորվաթ թավջութակահար Հաուսերը (HAUSER), որն աշխարհը նվաճել է ոչ միայն դասական, այլև ժամանակակից հիթերի յուրահատուկ կատարումներով, հունիսի 17-ին «Հայա» փառատոնի շրջանակում հանդես եկավ երևանյան մենահամերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որը լեփ-լեցուն էր:

Մինչ գեղեցիկ երաժշտությամբ և անսովոր մեկնաբանություններով հանդիսատեսին գերելը, Հաուսերն ասաց՝ ուրախ է կյանքում առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: «Շնորհակալ եմ, որ եկել եք համերգին և հույս ունեմ, որ լավ ժամանակ կանցկացնենք  միասին»,- նշեց թավջութակահարը:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Նա նախապես տեղեկացրեց, որ սկսելու է մեղմ երաժշտությամբ, ընթացքում անցնելու է վայրի ստեղծագործությունների, և այդպես էլ արեց: Ներկաները դասական գործերն ունկնդրեցին նստած, սակայն հետո Հաուսերն իր փայլուն երաժիշտների հետ նվագեց սիրված ֆիլմերի սաունդթրեքեր, «Despacito», «Señorita»,  «Livin' La Vida Loca» և մի շարք այլ  հիթեր, որոնք հանդիսատեսը վայելեց կանգնած երգելով ու պարելով:

Հաուսերին հաջողվեց ներկաներին ակտիվ պահել ոչ միայն հրաշալի կատարումների, այլև սեփական խարիզմայի, դիմախաղի միջոցով. նա ասես սեթևեթում էր երաժշտասերների հետ ու գերում բոլորի սրտերը:

Երեկոյի ամենահետաքրքիր դրվագներից մեկն էր այն, երբ Հաուսերն անսպասելի իջավ բեմից, նվագելով շրջեց դահլիճում՝ լուսանկարվելով երկրպագուների հետ, ծաղկեփնջեր ստանալով:

Դրական էներգիայով լեցուն երաժշտական երեկոյից  հետո Հաուսերը բեմը լքեց բուռն ծափահարությունների ու «բրավո» վանկարկումների ներքո:

Վստահաբար ներկաները թավջութակահարի երևանյան համերգը երկար կհիշեն:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Հաուսերը նշել էր՝ իր հաջողության գրավականն ինքն իր հետ անկեղծ լինելը, որևէ մեկին չկրկնօրինակելն է: «Դու անընդհատ  վայրէջքներ ու վերելքներ ես ապրում, բայց չպետք է հանձնվել, պետք է աշխատել ու շարունակել առաջ գնալ»,-ընդգծել էր թավջութակահարը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]