Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների 
հանձնաժողովի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարեկամության ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը մեր ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել և բարձր գնահատել ֆրանսիական կողմի քայլերը:

Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցերի: 

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունից:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am