Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

EIF-ը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կանցկացնի անվճար դասընթացներ՝ մասնավոր ընկերությունների ներգրավմամբ

EIF-ը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կանցկացնի անվճար դասընթացներ՝ 
մասնավոր ընկերությունների ներգրավմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրավիրում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպել վերապատրաստման անվճար դասընթացներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար և ապահովել նրանց աշխատանքով։  

«Դասընթացներին կարող են մասնակցել 15-29 տարեկան ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդները: Դասընթացները կընդգրկեն ՀՀ բոլոր մարզերը, կիրականցվեն օնլայն և օֆֆլայն ձևաչափերով: Դասերը մեկնարկելու են հոկտեմբերի կեսերից: Լինելու են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ: Մեր համոզմամբ ապագայի հանդեպ հստակ որոշումներ կայացնելու համար իրենց ամուր գիտելիքներ ու աշխատանք է պետք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:

HM2_5205.JPG (797 KB)

Նրա համոզմամբ՝ պայմանավորված վերջին դեպքերով՝ բռնի տեղահանվածների համար շատ կարևոր է տվյալ փուլում ունենալ կայուն և լավ աշխատանք՝ հեշտությամբ հարմարվելու և  Հայաստանում երկարատև բնակություն հաստատելու համար: 

«Մենք կոչ ենք անում մասնավոր ընկերություններին ասել, թե ինչ հմտություններով, ինչ որակավորումներ ունեցող աշխատող են փնտրում, այնուհետև մենք դրան համապատասխան կրթական ծրագիր կմշակենք և անվճար կուսուցանենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որից հետո ընկերություններն արդեն պատրաստի մասնագետներ կունենան աշխատանքի ընդունելու համար»,- մանրամասնեց նա:

HM2_5188.JPG (739 KB)

Ղուկասյանը տեղեկացրեց՝ մասնավոր ընկերություններից շատերն ունեն հայտարարություններ, որոնց, գուցե, ԼՂ-ից բռնի տեղահանվածները չեն համապատասխանում: Աշխատատեղերը շատ են, բայց արդյոք մարդիկ համապատասխանում ե՞ն այդ աշխատատեղերին: Նրա խոսքով՝ իրենք կլինեն աշխատատեղի և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կապող կամուրջը։ 

«ՏՏ ոլորտից կան ընկերություններ, որոնք դիմել և նշել են, թե մոտակա ամիսների ընթացքում ինչպիսի աշխատողների կարիք կունենան: Հույս ունենք՝ առաջիկայում հյուրընկալության և գյուղատնտեսության ոլորտի ընկերություններ ևս կունենանք՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղից շատ տեղահանվածներ հիմա մարզերում են,  և գյուղատնտեսության ոլորտը նրանց համար շատ նախընտրելի կարող է լինել»,- ասաց Ղուկասյանը:

Քանի որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է 2 տարի, արդեն ունեն դասավանդողների, դասընթացավարների մեծ և փորձառու խումբ: Հենց նրանք էլ իրականացնելու են դասընթացները: Դասընթացներն անցկացվելու են ԱՄՆ միջազգային գործակալության կողմից «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո: 

HM2_5262.JPG (698 KB)

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 4-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100  հազար 632 անձ:

Կարինե Տերտերյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am