Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպոյի հարցազրույցը

Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 
ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպոյի հարցազրույցը

ԲՐՅՈՒՍԵԼ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։

Պարոն Օկամպո, Դուք օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահին տրամադրեցիք եւ ապա հրապարակեցիք ձեր մասնագիտական տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ ամբողջական պաշարումը համարելով ցեղասպանություն։ Ի՞նչ գործընթաց կարելի էր այդ ժամանակ սկսել՝ առաջիկա աղետի առաջն առնելու համար։

Զեկույցը կարևոր էր, քանի որ մենք հանրային կարծիք ստեղծեցինք: Այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ զարմանալի բան են անում․ նրանք միտումնավոր անտեսում են ցեղասպանության վտանգը, որպեսզի խուսափեն ցեղասպանությունը կանխելու պարտավորությունից․ սա այն է, ինչին մենք  հանգեցինք: Հիմնականում պարզեցինք, որ պետությունները փորձում են խուսափել ցեղասպանություն բառից։ Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերցրեց իմ զեկույցը և սկսեց գործունեություն ծավալել, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը, առանց ցեղասպանության մասին հիշատակելու, ասաց, որ միջազգային մակարդակով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք դա ասացին, իսկ երեք օր անց Ալիևը հարձակվեց։

Ինչպե՞ս եք մեկնաբանում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցածը։ Թվում է, թե շատերը, ցեղասպանություն ասելիս, միայն կոտորած են պատկերացնում։ Բայց մի քանի օրում հարյուր հազարից ավել մարդ, թողնելով ամեն ինչ, լքեց սեփական հայրենիքը։  

Դա նույնպես ցեղասպանություն է` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի  B կետի (խմբի անդամին մարմնական կամ հոգեկան ծանր վնաս հասցնելը)։ Խուան Մենդեսի նոր զեկույցը կա, որում ասվում է, որ այն փաստը, որ 100 հազար մարդ հեռացել է, ցույց է տալիս հոգեբանական վնասը, քանի որ նրանք թողել են ամեն ինչ։ Ուրեմն դա ցեղասպանության տեսակ է, ցեղասպանությունը միայն սպանություն չէ: Այո, սպանությունը զանգվածային չէր, բայց հոգեկան վնաս կա՝ ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ի՞նչ իրավական մեխանիզմներ կան, որոնք կարող են գործել և որքանով եք Դուք իրատեսական համարում այս մարդկանց իրավունքների վերականգնումն՝ ըստ միջազգային նորմերի։

Կարծում եմ՝ հիմա կարևոր է, որ Ֆրանսիան հարցը դրան է տանում: Կարևոր պետություն է, որը առաջ է մղում օրակարգը, և դրա համար մենք պետք է պայքարենք: Պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Եվ ես այլ առաջնահերթ խնդիր եմ համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։ Ադրբեջանում կա 53 բանտարկյալ։ Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց մենք պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով այս համաժողովը (խմբ Եվրախորհրդարանում ԼՂ-ի հարցով համաժողովը) կարևոր էր։

Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության պահվածքը, ի՞նչ կարող էր անել միջազգային հանրությունը, որ չարեց, և այդ անգործությունը հանգեցրեց այս արդյունքին։

Դե, դա խնդիր է, ձախողում: Որովհետև աշխարհը չունի գլոբալ ինստիտուտներ։ Հիմնականում միակ գլոբալ անկախ ինստիտուտը Միջազգային քրեական դատարանն է, և վերջ։ Դա բավական չէ։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ կա ընդամենը մեկ դատարան, առանց կառավարության ու քաղաքական համակարգի: Այնպես որ, Հայաստանը պետք է ներգրավվի խնդրի լուծմանը։ Եվ ահա թե ինչու նման հանդիպումները, քաղաքական առաջնորդների հետ քննարկումներն այն մասին, թե ինչ կարող են անել, այն է, ինչ մենք պետք է անենք: Հայաստանը ցույց է տալիս, որ վտանգի տակ է ոչ միայն ինքը, այլ քաղաքակրթությունը, և այդ պատճառով հայերը միայնակ չեն: Բայց Հայաստանը վճռորոշ է։ Հայաստանն ունի շատ կարևոր համայնք ամբողջ աշխարհում։ Դա անհավանական ուժ է, որը դուք ունեք, և մենք կարող ենք օգտագործել դա:

Կան որոշ հակամարտություններ, որոնց ավելի շատ է ուշադրություն դարձվում, քան մյուսներին։ Կարծեք թե, բոլոր երեխաները չէ, որ երեխա են, բոլոր կանայք չէ, որ կին են։ Ո՞րն է Ձեր բացատրությունն այս երկակիությանը։

Դե գիտեք, լրատվամիջոցների ուշադրության տիրույթը ընդամենը 6 վայրկյան է: Դա նորմալ է: Դարֆուրի ցեղասպանությունն առաջին տեղում էր լրատվամիջոցներում, հետո եկավ Արաբական գարունը, հետո Լիբիան, հետո Սիրիան, հետո Ռուսաստանը, եզդիները, հետո ռոհինջաները: Միշտ կա նոր հակամարտություն, որը ծածկում է նախորդ հակամարտության ձախողումը: Եվ ահա թե ինչու այս տարի՝ 2023 թվականին, հինգ ցեղասպանության ականատես եղանք: Հիմա ժամանակն է դա շտկելու: Այն փաստը, որ հայկական համայնքը և հրեական համայնքը այդքան տարածված են, իսկապես կարող է օգնել փոխելու այս իրավիճակը: Ես հասկանում եմ, որ հայ համայնքի համար շատ դժվար պահ է, որ նույնիսկ հնարավոր են հարձակումներ Հայաստանի վրա, բայց դու պետք է հասկանաս, որ երբեք չես հաղթում, եթե դադարես պայքարել։ Այսպիսով, դուք պետք է շարունակեք պայքարել, և դուք միայնակ չեք:

 

Լիլիթ Գասպարյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]