Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մարտահրավերների հաղթահարման գործում մենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Սիրիայի նախագահը՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Մարտահրավերների հաղթահարման գործում մենք կանգնած ենք Հայաստանի 
կողքին. Սիրիայի նախագահը՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ, և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

«Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում: «Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:

Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում:

Նշվում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն և բարգավաճում են մաղթել հայ և սիրիացի եղբայրական ժողովուրդներին:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am