Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ հատուկ զեկուցողին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ հատուկ զեկուցողին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 
անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

«Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր:

Նշվում է, որ, իրենց հերթին, Ֆաբիան Սալվիոլին և Բրենդա Վուկովիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am