Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» 
ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS փառատոնին հաջողվեց 10 օր շարունակ Հայաստանում ստեղծել մի միջավայր, որտեղ ամենուր գիտություն ու արվեստ էր: Իսկ «STARMUS VI» ֆիլմը  պատմում է մի յուրահատուկ և անկրկնելի  ձևաչափով փառատոնի մասին, որի խնդիրը ոգեշնչելն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին STARMUS VI միջազգային գիտական փառատոնի մասին պատմող ֆիլմի հայաստանյան պրեմիերայից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, Գարիկ Իսրաելյանը։

Նա ընդգծեց, որ ֆիլմն ամփոփում է այն բոլոր էմոցիաները, գույներն ու մասշտաբային միջոցառումները, որոնք անցկացվեցին ՀՀ բուհերում, Մարզահամերգային համալիրում, Ազատության հրապարակում, Գառնու տաճարի հարակից տարածքում և մի շարք մարզային կառույցներում՝ ՔՈԱՖ-ում (Դսեղ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, այլուր։ Այն ներկայացնում է միջազգային փառատոնը՝ անցկացված հայկական պրիզմայով, ինչը ունիկալ երևույթ էր իր էությամբ։

«Ինձ համար կրկնակի հուզիչ էր, քանի որ այս փառատոնն անցկացվում էր Հայաստանում՝ իմ հայրենիքում, բացի այդ այն հետաձգվել էր համավարակի պատճառով, մեկնարկից ամիսներ առաջ սկսվել էր ուկրաինական պատերազմը։ Եվ այս գլոբալ անկայուն իրավիճակում մենք անցկացրինք միջազգային գիտական փառատոն, որին մասնակցեցին շուրջ մեկ տասնյակ նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ ու արվեստագետներ աշխարհի տարբեր ծայրերից, Հայաստանում ելույթ ունեցան Բրայան Մեյը, Ռիք Վեյքմանը, Ջեֆ Սքոթ Սոտոն, մեծանուն համաշխարհային այլ հեղինակություններ:

Կարծում եմ՝ մեզ հաջողվեց Հայաստանում 10 օր շարունակ ստեղծել մի միջավայր, ուր գիտություն ու արվեստ էր։ «STARMUS»-ը փառատոն էր, որը ամբողջ աշխարհում  նաև փոխեց  պատկերացումները Հայաստանի մասին: Միջոցառման անցկացման վայրերը նույնպես պատահական չէին ընտրված՝ մատնանշելով Հայաստանի ողջ հարուստ ու շքեղ մշակույթը, ինչը տեսնում ենք ֆիլմում։ Այո, մենք դա իրականություն դարձրեցինք, և բոլոր էմոցիաներն ու գույներն ամփոփված են «STARMUS VI» ֆիլմում։ Արդեն իսկ ցուցադրություններ ունեցել ենք Սլովակիայում, որը հաջորդ STARMUS-ի երկիրն է, Չինաստանում, Իսպանիայում։ Այն շարունակելու է շրջագայել աշխարհի ամենատարբեր երկրներում՝ ոգեշնչելով մարդկանց և ներկայացնելով Հայաստանի բացառիկությունը»,-նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, Գարիկ Իսրաելյանը։

Նա հույս հայտնեց, որ Ֆիլմը մեծ պահանջարկ կունենա Հայաստանում ու ընդհանրապես աշխարհում, քանի որ «STARMUS VI» ֆիլմը  պատմում է մի յուրահատուկ և անկրկնելի  ձևաչափով փառատոնի մասին, որի խնդիրը ոգեշնչելն է:

Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ երաժշտության ամենատարբեր ոճերով համեմված գիտական փառատոնի սթարմուսյան ձևաչափը նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների ու արվեստագետների համատեղ աշխատանքի արդյունք է։ Այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Բրայան Մեյը, Սերժ Թանկյանը, “Sons of Apollo” բենդը, Տիգրան Համասյանը, Դերեկ Շերինյանը, Ռոն Բամբլֆութ Թալը, Սայմոն Ֆիլիպսը, մյուսները, փառատոնը Հայաստանում դարձրին իրավմամբ աննախադեպ։

«Starmus VI» ֆիլմի պրոդյուսեր Թոդ Դուգլաս Միլլերը նշեց, որ մի քանի օր է, ինչ Հայաստանում է և արդեն  տպավորված է հայկական ջերմ ընդունելությամբ և հյուրասիրությամբ: Անդրադառնալով ֆիլմին՝ նա նշեց, որ Գարիկ Իսրաելյանի հետ մի քանի ամսում հաջողեցին անել այն, ինչը սովորաբար տարիներ է տևում և ստացան մի ֆիլմ, որն ունիկալ է իր բնույթով ու բովանդակությամբ։

«Ես զարմացած էի։ Մասնակցել էի STARMUS V-ին, բայց հայաստանյան փառատոնը լիովին այլ երևույթ էր՝ կազմակերպիչներին հաջողվել է հայկական մշակույթն ինտեգրել գիտական ձևաչափի մեջ, ու ստացվածը սերունդների ոգեշնչման աղբյուր է դառնալու։ Ես ապրում եմ Նյու Յորքում և անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հաջորդ անգամ Հայաստան այցելելու արդեն ընտանիքիս հետ»,-նշեց ֆիլմի պրոդյուսեր, ЕММY մրցանակակիր Թոդ Դուգլաս Միլլերը։

«STARMUS VI» ֆիլմն անդրադարձել է երաժշտական տարբեր ոճերի համադրությամբ գիտության հաղորդակցությանը նվիրված միջոցառումներին, կադրից դուրս կատարվող իրադարձություններին, տիրող մթնոլորտին և որ ամենակարևորն է՝ ներկայացնում է բեմից այն կողմ կանգնած մարդկանց, ում շնորհիվ այն կայացավ Հայաստանում։

STARMUS-ի կողմից ապահովվել էր փառատոնին ելույթով հանդես եկած Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի երեխաների ներկայությունը ֆիլմի երևանյան ցուցադրությանը՝ նրանց ոգեշնչելու համար։

Ֆիլմի այլ ցուցադրություններ հայաստանյան կինոթատրոններում կամ հեռուստաեթերով չեն նախատեսվում։

Հաջորդ՝ Starmus VII փառատոնը անցկացվելու է Բրատիսլավա քաղաքում 2024 թվականի մայիսի 12-17, որը նույնպես խոստանում է իր հետքը թողնել համաշխարհային գիտամշակութային միջոցառումների շարքում և տոն դառնալ սթարմուսյան գլոբալ համայնքի համար։

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվեց «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով, և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալեց աշխարհահռչակ գիտնականների և արվեստագետների՝ երաժիշտների, արտիստների, ովքեր փառատոնի օրերին Երևանում և մարզերում հանդես եկան դասախոսություններով ու ելույթներով, անցկացվեցին գիտության փառատոններ և Գիտության հզոր ճամբար Օպերայի հարակից հատվածում։

Փառատոնի ամենահիշարժան պահերից էր աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի ելույթը Հայաստանում՝ Մարզահամերգային համալիրի բեմում և նրա ստեղծագործություններից Տավուշի թեմի մանկական երգչախմբի երեխաների կատարումները։ Գառնու տաճարի տարածքում անցկացվեց Աստղային գիշեր միջոցառումը՝ աստղագիտակներով և համերգային ծրագրով, իսկ Երևանի կենտրոնում Գիտության ճամբարը հյուրընկալեց գիտությամբ ու արվեստով հետաքրքրված հազարավոր մասնակիցների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am