Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն ինստիտուցիոնալ․Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է ինստիտուցիոնալ լինեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Ոչ թե մենք պետք է կառավարությունով, ժողովրդով, խորհրդարանական մեծամասնությունով գնանք և իրագործենք մեր պատկերացրած արդարադատությունը, այլ պետք է ինստիտուտներ ստեղծվեն և դրանց առաջ դրվեն խնդիրներ։ Ոչ թե մարդկանց անուններ տրամադրվեն և ասվի, թե ում դատել, ում՝ ոչ, այլ՝ պահանջվի արդարություն և արդարադատություն, որովհետև նրանք, ովքեր հանցագործ են, անխուսափելիորեն կարժանան իրենց պատժին»,-հավելել է վարչապետը։
Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո առկա էր մթնոլորտ ու հնարավորություն, որպեսզի հրապարակում հավաքված ժողովուրդը միասնաբար գնար և տեղում իրագործեր իր պատկերացրած արդարությունը և արդարադատությունը։
«Դա, գուցե կլիներ, սրտահովանք, բայց կարծում եմ, որ այդ պարագայում մենք այսօր շատ ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք և երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք։ Ես միշտ էլ այդ օրակարգն ընդունել եմ և այսօր էլ ընդունում եմ իմ պարտավորությունը, այդ թվում՝ նաև անձնական, որ երկրում պետք է լինի արդարություն»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, ընդդիմադիր գործչի կարգավիճակը, երբ նա օրենքով թույլատրված ամեն ինչ կարող է անել, որն օրենքով արգելված չէ, տարբերվում է վարչապետի կարգավիճակից, որը կարող է անել միայն այն, որն իր համար լիազորված է օրենքով։
«Իշխանության ամենակարևոր հատկությունը պետք է լինի զսպվածությունն ու ինքն իրեն սահմանափակելու կարողությունը։ Այս առումով ես պետք է շատ ուշադիր լինեմ՝ այդօրինակ հարցերին արձագանքելիս, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդական էությունն ու համարումը միջազգային ասպարեզում չվնասելու համար։ Միջազգային ասպարեզում մեր թիվ մեկ խաղաքարտը Հայաստանում ժողովրդավարության գերակայությունն է և օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդկանց իրավունքների պաշտպանությունը»,-շեշտել է վարչապետը՝ավելացնելով, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում իրականացված վերջին հետազոտություններով Հայաստանն առաջատար երկիր է դատաիրավական բարեփոխումների ոլորտում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում