Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է  կապ հաստատել

Անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է  կապ հաստատել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայասաթ» թիմը հաջողությամբ հետևում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակի թռիչքին, որի հետ հաջողվել է  կապ հաստատել։

«Արմենպրես»-ին «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից նաև տեղեկացրին, որ արբանյակն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով՝ առանց խոչընդոտների։

Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է ««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա»  հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։

«Հայասաթ-1» արբանյակը CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է։ Այն զինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։ 

Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով  տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU), որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։

Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ 1»-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am