Թուրքիայում հունվարին տարեկան գնաճը կազմել է 64,86 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունվարին տարեկան գնաճը կազմել է 64,86 տոկոս, իսկ տնտեսական աճը՝ 6,7 տոկոս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տվյալները հայտնել է Թուրքիայի ազգային վիճակագրական ինստիտուտը:
«Փետրվարից սկսած՝ մենք ակնկալում ենք, որ ամսական գնաճը զգալիորեն կնվազի և կգնա մեր կանխատեսմանը համահունչ ճանապարհով: Տարվա երկրորդ կիսամյակում կտեսնենք տարեկան գնաճի զգալի անկում: Գների կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է»,- X-ում (նախկինում՝ Twitter) գրել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:
Ի հակադրություն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների, մի խումբ անկախ տնտեսագետներ և հետազոտական ընկերություններ հայտնել են, որ հունվարին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 129,11 տոկոս, իսկ դեկտեմբերին գնահատվել է 127,2 տոկոս:
2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի իշխանությունները ներկայացրել էին միջնաժամկետ տնտեսական ծրագիր։
Դրանում պարունակվող կանխատեսումների համաձայն՝ երեք տարվա ընթացքում գնաճը երկրում 65%-ից նվազելու է 8,5%-ի։
2024 թվականին գնաճի թիրախը սահմանվել է 33 տոկոս, իսկ 2025 թվականի համար՝ 15,2 տոկոս, իսկ 2026 թվականին այն պետք է իջնի մինչև 8,5 տոկոսի:
Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի վերջը տնտեսական աճը կկազմի 5 տոկոս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում