Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆրանսիացի լրագրողները շարունակում են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը ներկայացնել միջազգային հարթակներում

Ֆրանսիացի լրագրողները շարունակում են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին 
հուզող հարցերը ներկայացնել միջազգային հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանը հյուրընկալել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լեռնագնաց Սիլվեն Տեսոնին և  լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: 

Նրանք հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, հոգսերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությամբ և պարբերաբար մեր երկրի անվտանգային հարցերի մասին բարձրաձայնում են իրենց հոդվածներով, ելույթներով: 

Սիլվեն Տեսոնն առաջին անգամ 1994 թվականին է այցելել Հայաստան հեծանիվով ճամփորդության ընթացքում: Սիրել է մեր երկիրն ու նրա նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է մինչ օրս:

MXO_9594.jpg (535 KB)

Երկրորդ այցը տեղի է ունեցել Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի ուղեկցությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: 

«Վերադառնալով Փարիզ՝ Հայաստանի աջակիցների մի խումբ ստեղծեցինք՝ արտիստներ, լրագրողներ, գրողներ, երաժիշտներ, մեզ միացան նաև Աստղիկ Սիրանոսյանն ու Անտուան Ագուջյանը: Մեր առաջին խնդիրն էր իրազեկել հասարակությանն ու կառավարությանը Հայաստանի խնդիրների մասին: Դա արել ենք, որ Եվրոպան չլքի Հայաստանը, որ քաղաքական գործիչները շարունակեն պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք ագրեսիայի են ենթարկել Հայաստանը, և անուններ հնչեցնեն: Այդ ճնշումը կշարունակվի, որպեսզի ագրեսորներն առաջ չգան, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան և ապրեն Հայաստանում»,-ասում է Սիլվեն Տեսոնը:

Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը 2020 թվականից սկսած հանգամանալից  լուսաբանում է Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

MXO_9752.jpg (627 KB)

Նախորդ երեք տարվա ընթացքում Բյուիսոնի նախաձեռնությամբ, նրա հեղինակմամբ ֆրանսիական մամուլում լույս են տեսել տասնյակ վերլուծական հոդվածներ, որտեղ օբյեկտիվ անդրադարձ է կատարվել Հայաստանի անվտանգային իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերին:

«Ես մերժում եմ Արցախի կորուստը: 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերից այն զգացողությունն ունեի, որ, եթե որևէ գիրք կամ հոդված գրեմ Արցախի մասին, դա վատ կանդրադառնա նրա վրա: Եթե գրեի, կստացվեր, որ Արցախի պատմությունն ավարտվել է, բայց ես չեմ ցանկանում հավատալ դրան, նույնիսկ այսօր, երբ Արցախը չունի իր սուվերենությունն ու պետությունը, այն գոյությունի ունի մարդկանց սրտերում: Գիրք կգրեմ Արցախի մասին այն ժամանակ, երբ արցախցիները վերադառնան իրենց երկիր, որտեղ ապրել են հազարավոր տարիներ: Կգրեմ այդ հզոր պատմության մասին: Եթե վերադառնան, դա միայն նրանց շնորհիվ չի լինի. նրանց կօգնեն, բայց հայերի վերադարձը իրենց հողեր կարելի է պատկերացնել այն դեպքում, երբ Ալիևի ռեժիմն այլևս չլինի»,-շեշտում է Բյուիսոնը:

Պատվավոր հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան, որտեղ ցուցադրվեց «Սև ճանապարհներին» ֆիլմը՝ հիմնված Տեսոնի ինքնակենսագրական վեպի վրա:

MXO_9581.jpg (738 KB)

Սիլվեն Տեսոնը վաղ տարիքից տարված է քաղաքային ալպինիզմով։ Նվաճել է Փարիզի  հանրահայտ հուշարձանների և վանքերի գագաթները: 2014-ին հերթական տանիքը բարձրանալիս վայր է ընկել: Միջադեպի պատճառով մասնակիորեն պարալիզացվել է գրողի դեմքը:

Ֆիլմը, որում Սիլվեն Տեսոնին մարմնավորում է օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, անդրադառնում է գրողի կյանքի այդ շրջանին և միջադեպից հետո նրա ուղևորությանը, երբ լրագրողը հաղթահարում է  ավելի քան հազար  երեք հարյուր կիլոմետր՝ հավատալով իր ուժերին:

MXO_9629 (1).jpg (687 KB)

«Նոր ուղղությունը գծելով՝ ջանում էի մտածել միայն նշանակետի մասին: Դա կամք էր պահանջում, և ես գիտեի, որ քայլելն ինձ կօգնի: Հենց այդպես էլ կարողացա հաղթահարել այդ ամբողջ դժբախտությունն ու դժվարությունները: Մեծ երջանկություն էր քայլելը»,-նշում է Տեսոնը:

Կինոնկարում բոլոր փորձություններին դիմակայելուց և նպատակին հասնելուց հետո, Տեսոնը ծնկի է գալիս ու լաց լինում՝ դեմքն առնելով ափերի մեջ:

MXO_9724.jpg (678 KB)

Ասում է՝ դրանք և՛ երջանկության, և՛ տխրության արցունքներ էին: «Ես հասկացա, որ շարունակում եմ ճանապարհորդի իմ կյանքը, նաև գիտակցում էի, որ կորցրել եմ իմ երիտասարդությունն ու ուժը»,-խոստովանում է գրողը:

MXO_9710.jpg (713 KB)

Սիլվեն Տեսոնը դեռ չի մտածել առաջիկա ուղևորության մասին: Հավաստիացնում է՝ մինչ նոր ուղղությունն ընտրելը հարկավոր է շարունակել հոդվածներ հրապարակել՝ նվիրված Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:

Հեղինակ՝ Անժելա Համբարձումյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am