Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բազմագույն ձեռագրով գրողը. Հայաստանի գրողների միությունը Պոեզիայի միջազգային օրը տոնեց Պարույր Սևակին նվիրված միջոցառմամբ

Բազմագույն ձեռագրով գրողը. Հայաստանի գրողների միությունը Պոեզիայի 
միջազգային օրը տոնեց Պարույր Սևակին նվիրված միջոցառմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ը, նշեց Պարույր Սևակին նվիրված միջոցառմամբ: Գրողի բանաստեղծությունները, նրա թարգմանությամբ հայտնի հեղինակների ստեղծագործությունները բեմից հնչեցրին միությանը կից  Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնի դերասանները:

«Պարույր Սևակի պոեզիան հնչում է տարբեր բեմերից, նրան չեն մոռանում նաև հավաքույթների ժամանակ, սակայն Սևակի թարգմանություններին շատերը ծանոթ չեն: Սևակը ռուս, հունգար, վրաց և այլ ազգերի դասական և ժամանակակից գրողների գործեր է թարգմանել և շատ բարձր որակով է դա արել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հիշեց՝ Սևակը գրողների միության քարտուղար է եղել:

OLD01886.JPG (273 KB)

Միլիտոնյանը փոքր է եղել, երբ պարբերաբար այցելել է գրողների միություն և այնտեղ հանդիպել Սևակին, որը գրական երեկոներ է վարել:

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Եղիշե Չարենցից հետո գրական ասպարեզ մուտք գործեց մի սերունդ, որը պետք է շարունակեր Չարենցի պոետական շղթան: Այդ սերնդի ներկայացուցիչներից էր Պարույր Սևակը:

OLD01882.JPG (250 KB)

Դահլիճում ներկա էին գրողներ, ուսուցիչներ և աշակերտներ, որոնք հետաքրքրությամբ էին լսում Միլիտոնյանին և բարձր ծափահարություններով արձագանքում դերասանների ելույթներին, որոնք անկեղծ էին, արտիստիկ:

Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը երկու տարի առաջ ստեղծել է ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը: Թատրոնի կազմում են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները՝ Ռուզաննա Հախնազարյանը, Արմեն Քուշկյանը, Դավիթ Գասպարյանը, պոլսահայ դերասան Արամ Կոստանյանը, Գրետա Մեջլումյանը: Նրանց էր միացել ասմունքող Գայանե Սամվելյանը:

OLD01917.JPG (284 KB)

«Մենք երկու տարվա ընթացքում անդրադարձել ենք հայ դասական քնարերգության մարգարիտներին՝ Նարեկացուց մինչև Համո Սահյան, Պարույր Սևակ, ժամանակակից պոեզիա: Ելույթները թատերայնացված, բեմականացված են, բայց առաջնայինը խոսքն է»,-ասաց Բաղինյանն ու հավելեց՝ դերասանները պոեզիայի լեզվով երկխոսություն են ծավալում թե՛ միմյանց, թե՛ հանդիսատեսի հետ:

OLD01925.JPG (287 KB)

Ռուզաննա Հախնազարյանի համար Պարույր Սևակը յուրահատուկ գրող է, մոտ է իր սրտին: «Չեմ սիրում «արտասանել» բառը, սիրում եմ «ասմունք» բառը, և ես անգամ չեմ փորձում շեշտեր օգտագործել ասմունքելիս, քանի որ Սևակն ինձ շատ հարազատ է: Դա նաև իմ ընկերների մոտ եմ նկատում»,-նշեց դերասանուհին ու շնորհակալություն հայտնեց Բաղինյանին՝ իրենց ջերմ, թատերական մթնոլորտում համախմբելու համար, որտեղ օդը լցված է պոեզիայով:

ruzanna Hakhnazaryan.JPG (271 KB)

Դերասան Դավիթ Գասպարյանը դժվարանում է առանձնացնել Պարույր Սևակի բանաստեղծություններից որևէ մեկը, քանի որ Սևակին բազմաժանր, բազմագույն ձեռագիր, մտածողություն ունեցող հեղինակ է համարում: «Նա կարողանում է յուրաքանչյուր տարիքի, յուրաքանչյուր հոգեվիճակի մասին խոսել, սակայն այսօր սկսելու եմ նրա «Բարև» ստեղծագործությամբ, որն ինձ համար կյանքի կրեդո է, չափանիշ, թե  ինչպես պետք է ապրել, ինչպես սկսել ամեն օրն ու  ավարտել այն»,-շեշտեց դերասանը:

Gasparyan Davit.JPG (313 KB)

Գասպարյանի խոսքով՝ Սևակը յուրահատուկ ձևով ու ձեռագրով է խոսում թե՛ սիրո մասին, թե՛ կյանքի, թե՛ երազանքի: «Ուրախ եմ, որ մեր ազգի համար կարևորվել է Պոեզիայի միջազգային օրը, որովհետև իսկապես յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ Աստծո  տված ամենակարևոր պարգևը խոսելու կարողությունն է: Հայ խոսքը, հայ միտքը պետք է հնչեն: Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, խոսելու, լսելու կարիք միշտ կլինի»,-եզրափակեց դերասանը:

Պոեզիայի թատրոնն արդեն ավարտում է դասական պոեզիայի շրջանը: Մեկնարկել են  «Ժամանակակից հայ պոեզիայի ընտիր էջեր» շարք: Երեք պոետիկ ներկայացմամբ են հանդես գալու: Նրանց համոզմամբ՝ թյուր է այն պատկերացումը, թե ժամանակակից հայ պոեզիա չկա, քանի որ կան հիանալի բանաստեղծներ, ստեղծագործողներ, որոնք արժեքավոր գործեր են ստեղծում:

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am