Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-12/24. Կռոյան, Կրիշնա Լալ, Քեհո

«Նոր գիրք»-12/24. Կռոյան, Կրիշնա Լալ, Քեհո

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Նարինե Կռոյան, «Ճանճերի ժամանակը»
432462477_826634955966351_1286193232205993013_n.jpg (717 KB)

Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։

Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

 

Թարգմանական գրականություն
Արջուն Կրիշնա Լալ, «Կյանք, սեր, գինի»
423221195_936883988062187_3452050228407347664_n.jpg (343 KB)

Մի հնդիկի տարօրինակ (երբեմն սարսափելի) արկածները Հայաստանում:

Սիրելի ընթերցող, ահա դու բացել ես հնդիկ երիտասարդ գրող Արջուն Կրիշնա Լալի հայերեն անդրանիկ գիրքը, որտեղ նրա խոհերն ու մտածումներն են, Հայաստանում անցկացրած երկու տարիների կենսափորձը, բայց ամենակարևորը նրա զգացմունքային խենթ ու խելառ, յուրահատուկ աշխարհի ելևէջներն են, որոնց միջով էլ հեղինակը անց Է կացրել բոլոր պատկերներն ու իրադարձությունները: Թարգմանությունն անգլերենից՝ Ռոզա Գրիգորյանի։ Խմբագիր՝ Արմինե Պետրոսյան։ Նկարիչ՝ Լուսինե Թահմազյան։ Հեղինակային հրատարակություն։

 

Փաստավավերագրական գրականություն
Ջոն Քեհո, «Փողը, հաջողությունը և Դուք»
430386145_1625091051634147_5402299443154415656_n.jpg (167 KB)

Հեղինակը լայնորեն ճանաչված Է մտքի ուժի, ձգողության օրենքի և հաջողության հասնելու համար մտածելակերպի կարևորության մասին իր ուսմունքներով: Նա հաճախ է շեշտում, որ մարդկանց կյանքը կփոխվի, եթե կարողանան փոխել իրենց գլուխներում պտտվող մտքերն ու համոզմունքները:

Շատերին քաջ հայտնի մարդկանց հաջողության պատմությունները, հեղինակի նուրբ հումորը ընթերցանության հաճելի ժամեր կպարգևեն: Գրքում կգտնեք նաև գործնական վարժություններ, որոնց քայլ առ քայլ հետևելով՝ Դուք էլ կարող եք դեպի հաջողություն և բարեկեցություն տանող Ձեր ճանապարհն ընտրել: Թարգմանությունն անգլերենից՝ Արմինե Պապանյանի։ Խմբագիր՝ Անժելա Ավագյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am