Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թվային տնտեսությանն անցնելը ճկուն մոտեցումներ ու կարգավորումներ է պահանջում

Թվային տնտեսությանն անցնելը ճկուն մոտեցումներ ու կարգավորումներ է 
պահանջում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհը շարժվում է դեպի թվային տնտեսություն, տարբեր երկրներ մշակում են իրենց թվային արժույթը, որը համակարգային փոփոխություններ կբերի ամբողջ աշխարհում: Անհրաժեշտ ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների ստեղծումն ու կարգավորումների մշակումը այդ գործընթացի կարևոր բաղկացուցիչներն են: Մարդկային կապիտալի զարգացումն ու բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը ևս առաջնային կարևորության են: Զրուցել ենք Global Fintech Institute-ի և Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանի գիտական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանի հետ, ով Doing Digital Forum-ի «Թվային տնտեսություն՝ բացահայտելով գեներատիվ ԱԲ-ն» թեմայով պանելային քննարկման մոդերատորն է։ Նրա հետաքրքրության առանցքում են ֆինթեքը, վարքագծային փոփոխություններն ու բիզնես փոխակերպումը՝ թվայնացման միջոցով: 

 

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս է տեխնոլոգիաների կիրառությունը վերափոխում ֆինանսական ոլորտն ու տնտեսության այլ ճյուղերը:

-Շատ կարևոր է, թե մարդիկ ընդհանրապես ինչ ընկալումներ ունեն թվայնացման վերաբերյալ: Ոմանք այն ասոցացնում են էլեկտրոնային բանկինգի (e-banking), տարբեր հավելվածների կամ ավտոմատացման գործիքների հետ, բայց ընդհանուր առմամբ, եթե սահմանենք թվայնացումը, դա տեխնոլոգիաների կիրառումն է տնտեսության տարբեր ոլորտներում ու կազմակերպության տարբեր գործառույթներում: Թվային տնտեսության սուբյեկտները ոչ միայն նյույորքյան բորսաները գլխավորող տեխնոլոգիական խոշոր ընկերություններն են, այլև կազմակերպությունները, որոնք ամբողջովին թվային ծառայություններ են մատուցում կամ իրենց գործունեության տարբեր օղակներում ինտեգրել են թվային լուծումներ: Դրանք ֆինանսականից մինչև խոշոր արդյունաբերական ոլորտները ներկայացնող ընկերություններն ու պետական մարմիններն են:

Եթե դիտարկենք ավտոմեքենաների արտադրությունը, ապա նախկինում այն որևէ կապ չուներ թվայնացման հետ: Մեկնարկը տրվեց ադմինիստրատիվ գործողություններից, ապա ավտոմատացման, իսկ այսօր արդեն թվային տեխնոլոգիաների ներդրմամբ, օրինակ, տարբեր սենսորների կողմից տվյալների հավաքագրման ու վերլուծության միջոցով, հնարավոր է անհատականացնել վարումն  ու զարկ տալ յուրաքանչյուր ճաշակի ավտոմեքենաների արտադրությանը: Ֆինանսական ոլորտում ևս փոխակերպումների ակտիվ ընթացք է. ավանդական ֆինանսական ծառայություն մատուցող բանկերն այսօր գնում են թվայնացման ուղիով ու լայնորեն ներդնում տարբեր գործիքներ, ծառայություններ իրենց պրոդուկտները բարելավելու համար: Դրանց զուգահեռ այս ոլորտում ձևավորվում են թվային բանկերը, որոնք տվյալների բազաների հիման վրա ավելի անհատականացված ծառայություններ ու պրոդուկտներ են ներկայացնում հաճախորդներին: 

Թվային տնտեսության ձևավորման գործում կարևոր դեր է խաղում գեներատիվ արհեստական բանականությունը (ChatGPT-ն դրա լավագույն օրինակներից է), որը նորարարական և փոխակերպող տեխնոլոգիա է: Այն իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կիրառելի են մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում: 

Ընդհանուր առմամբ՝ թվայնացման գործառույթները կիրառվում են տարբեր կազմակերպությունների արդյունավետության բարձրացման, գործառույթների օպտիմալացման, հաճախորդների փորձի բարելավման նպատակով:

 

-Գաղտնիք չէ, որ ֆինանսական տեխնոլոգիական ընկերություններն (ֆինթեք) այսօր ավելի մրցունակ են, քան ավանդական բանկերը: Ո՞ւր է գնում աշխարհն այս առումով

-Կարող ենք ասել, որ աշխարհն ինչ-որ չափով պատրաստ է անցում կատարել թվային արժույթներին։ Իմ կարծիքով, առաջատարն այդ ոլորտում Չինաստանն է, քանի որ ներկայում Չինաստանի Կենտրոնական բանկի կողմից մշակվում է թվային յուանը: Այդ գործընթացը համակարգային փոփոխություն կարող է բերել ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ այն իր ծավալի, մասշտաբի, տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև չինացիների կողմից իրականացվող ահռելի քանակով գործարքների շնորհիվ կունենա ունիկալ դերակատարություն: Երբ դուք ունեք այդպիսի մեծածավալ տվյալների բազաներ, բնականաբար, ծառայություններն ու պրոդուկտները, որ մշակում եք, առավել հարմարեցված են թե՛ հասարակությանը, թե՛ մարդկանց անհատական պահանջներին։ Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրվում ու վերլուծվում է մեր թվային հետքը՝  առցանց տիրույթում վճարումներ, հավանումներ, հրապարակումներ, մեկնաբանություններ, նկարներ և այլն: Արդյունքում բացահայտվում է մեր վարքագիծը, ինչն էական նշանակություն կարող է ունենալ կենտրոնական բանկերի կողմից թվային արժույթի ձևավորման և ընդհանրապես միջազգային ֆինանսական համակարգի վրա։   

Կենտրոնական բանկերը կարող են թվային արժույթները ծրագրավորել ինչ-որ նպատակի համար և վերահսկել բարդ գործընթացները: Լավագույն օրինակներից է COVID19-ի ժամանակ տարբեր սոցիալական խմբերին օժանդակության տրամադրումը: Օրինակ, Չինաստանում, կուտակված ահռելի տվյալների բազաները, ներդնելով թվային յուանի մեջ, կարող են մի քանի ժամում բոլոր թիրախային խմբերին ապահովել այնպիսի գործիքներ՝ ուղղված առողջապահական, սննդի հասանելիության և այլ ծառայությունների մատուցմանը, որոնք այդ պահին անհրաժեշտ են բնակչությանը: Հնարավոր կլինի ծրագրավորել հստակ նպատակի ծառայող թոքեններ, որոնք անհատը կարող է ստանալ որպես օժանդակություն պետության կողմից, բայց նրան չի հաջողվի դրանք օգտագործել այլ նպատակներով: Այդպիսով՝ տարբեր գործառույթներ կդառնան ավելի արագ, արդյունավետ ու մատչելի: Ուստի, առաջին հերթին, մենք՝ որպես պետություն, պետք է ուշադրություն դարձնենք օրենսդրական կարգավորումներին: Եթե չեմ սխալվում, ՀՀ Կենտրոնական բանկը ևս աշխատում է թվային արժույթներ մշակելու ուղղությամբ:

 

-Անդրադառնանք թվային տնտեսության 5 հիմնասյուներին՝ ենթակառուցվածքներ, կարգավորումներ, ֆինանսական գործիքներ, տեխնոլոգիաներ և մարդկային կապիտալ։ Ի՞նչ հիմնական սահմանափակումներ ու հնարավորություններ կան յուրաքանչյուրում

-Իհարկե, յուրաքանչյուր բաղադրիչ առանցքային նշանակություն ունի թվային տնտեսության կառուցման գործում, բայց մարդկային կապիտալի մեջ ներդրում կատարելն ամենակարևորներից է: Հայաստանում ՏՏ ոլորտի կազմակերպություններից շատերը բարձրաձայնում են, որ ոլորտային տարբեր մասնագետներ, այդ թվում՝ տվյալների ինժեներներ, վերլուծաբաններ, հեռանում են Հայաստանից, ինչը լուրջ խնդիր է։ Եթե մենք ուզում ենք կարևոր դերակատարություն ստանձնել այս ոլորտում, պետք է այդ մասնագետների պատրաստմանը մեծ ուշադրություն դարձնենք: Ժամանակին Սինոփսիս ընկերությունը լուրջ աշխատանք է կատարել, որպեսզի Պոլիտեխնիկական համալսարանում պատրաստվեն այդ նեղ մասնագետները։ 

Անչափ կարևոր է նաև մասնագետների աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, այլապես մենք կկորցնենք լավագույն կադրերին, ովքեր գնում են այլ երկրներ ավելի զարգացած էկոհամակարգի ու մրցակցային պայմանների համար: Արդյունքում՝ մենք կդառնանք մի երկիր, որը պատրաստում է սահմանափակ թվով մասնագետներ ու նրանց, այսպես ասած, գործուղում այլ երկրներ։ Երկրորդը, որը նաև Սինգապուրի քաղաքականության կարևոր ուղղություններից է, ստեղծել այնպիսի միջավայր, որ ոչ միայն տեղացի մասնագետներն աշխատեն տվյալ երկրում, այլև դրսից հետաքրքրված լինեն գալու և աշխատելու այդ երկրում։ Շատ համապարփակ ծրագիր է՝ արտոնությունների լայն հնարավորություններով, որոնք տրամադրվում են մասնագետներին ու ստարտափներին։ 

Անդրադառնալով կարգավորումներին՝ կարող եմ կրկին օրինակ բերել Սինգապուրից, քանի որ բազմիցս աշխատել եմ Սինգապուրի Կենտրոնական բանկի հետ ու հնարավորություն ունեցել հետևելու, թե նրանք ինչպես են կառավարում նորագույն տեխնոլոգիաները: Ինչ վերաբերում է կրիպտոարժույթների կարգավորմանը, Սինգապուրի ԿԲ-ն թույլատրում է յուրաքանչյուր գործունեություն՝ բացառությամբ սպեկուլյատիվ գործունեության, որպեսզի հասարակությունը նման գործառույթներ չստանձնի: Մյուս կողմից՝ նրանք խրախուսում են բոլոր տեսակի ստարտափների, անհատների գործունեությունը, որն ուղղված է web3-ի, կրիպտոարժույթների, բլոկչեյն համակարգի ներդրմանը։ 

Շատ ուսանելի է նաև Սինգապուրի Պետական տեխնոլոգիական գործակալության՝ GovTech-ի փորձը, որը, աշխատելով պետական կառույցների հետ, բացահայտում է բոլոր այն գործընթացները, որոնք հնարավոր է թվայնացնել կամ ավտոմատացնել։ Դրա արդյունքում տարբեր հանրային ծառայություններ դարձել են հեշտ ու ընկալելի, մատչելի հասարակության լայն խավերի համար։ 

Անցում կատարելով ենթակառուցվածքներին՝ պետք է նկատել, որ պետության դերակատարությունը մի կողմից՝ այնպիսի օրենսդրական միջավայրի ձևավորումն է, որը մինիմալ սահմանափակումներ կունենա, միևնույն ժամանակ ֆիզիկական ենթակառուցվածքների մեջ ներդրումների իրականացումը, այդ թվում՝ ինտերնետի արագության ավելացում, տվյալների կենտրոնների ստեղծում և պահպանություն: Այստեղ կարևոր է նաև մասնավորի հետ սերտ աշխատանքը: Այսինքն՝ պետությունը, մասնավորին ներգրավելով և նրանց համար արտոնյալ պայմաններ ստեղծելով, կարող է զարգացնել ֆիզիկական ենթակառուցվածքը։

Այս ամենին զուգահեռ սահուն կերպով զարգանում է վիրտուալ աշխարհը, ուր տարբեր տեխնոլոգիաներ և աշխարհներ են ստեղծվում՝ իրենց բնորոշ ծառայություններով ու ապրանքներով: Այստեղ կրկին գալիս ենք մասնագետների խնդրին, քանի որ պետք է լինեն այդ ծառայությունները ստեղծողներ: Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե մենք Հայաստանում ՏՏ ոլորտում կարողանանք կրթական մակարդակը բարձրացնել, ապա գլոբալ ընկերությունների, ՏՏ գիգանտների կողմից հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ շատ մեծ կլինի՝ հաշվի առնելով նաև մեր սփյուռքի պոտենցիալը: Երբ NVIDIA-ն ու Սինոփսիսն աշխատում են մեր շուկայում, նրանք ոչ միայն իրենց համար են մասնագետներ պատրաստում, այլև նոր հնարավորություններ են ստեղծում ինդուստրիայում։ 

 

-Թվային փոխակերպումների գործընթացում պահպանողականությու՞ն, թե՞ ճկունություն է հարկավոր

-Տնտեսության մեջ ստեղծագործական միտքը միշտ էլ պահանջել է ճկունություն: Ընդհանրապես թվային տնտեսությունն այլ սկզբունքների հիման վրա է աշխատում։ Ինչ-որ գաղափար կարող է ծնվել որևէ նկուղում, հետո առանց արտահանման, առանց ավանդական լոգիստիկ ցանցերով անցնելու, մեկ հպումով տեղափոխվել այլ պետություն։ Հետևաբար, այստեղ շատ հարցեր են առաջ գալիս ու ճկուն մոտեցում պահանջում: 

Կարծում եմ՝ մենք պետք է շատ ազատական լինենք ստեղծարար մտքի, մարդկանց ու կազմակերպությունների հանդեպ: Օրինակ, արհեստական բանականության օգտագործումը որևէ մեկը չի սահմանափակում, միաժամանակ փորձ է արվում մշակել կարգավորումներ, որպեսզի բոլորս օգտվենք այդ հնարավորությունից՝ մինիմալ ռիսկերով։ Այսինքն՝ ստեղծագործական բիզնեսի նկատմամբ մոտեցումն այլ պետք է լինի։ Ինչը վերաբերում է բազային պահանջներին, ինչպես օրինակ, անձնական տվյալների պաշտպանությանը, այո, պետք է ավանդական լինել, որպեսզի չստեղծել անվտանգային ռիսկեր։ 

Կրիպտոարժույթների, web3-ի կիրառությունների առնչությամբ ես Հայաստանում ճկունություն չեմ տեսնում՝ ի տարբերություն այլ երկրների։ Տեղյակ եմ, որ ՀՀ Կենտրոնական բանկը զբաղվում է նմանատիպ օրենսդրության  մշակմամբ, բայց մենք արդեն ուշանում ենք կարգավորման առումով, քանի որ այլ պետություններ ևս այդ գործընթացի մեջ են: Եվ այն ընկերություններն ու անհատները, որոնք կարող էին Հայաստանը դիտարկել իրենց համար այս ուղղությամբ գործարարություն կազմակերպելու վայր, ցավոք սրտի, նախընտրել են այլ աշխարհագրություն, քանի որ մեզ մոտ դաշտը դեռևս կարգավորված ու հստակ չէ: Կարևոր է՝ այս պահին ճիշտ ուղերձներ սահմանել և ուղարկել դուրս, անգամ եթե ինչ-որ բան կարգավորված չէ, գործարար միջավայրը նախապատրաստել կարգավորումներին, որովհետև այդ սպասումներից ելնելով մենք կարող ենք ակնկալել, որ կլինեն կազմակերպություններ, որ կգան Հայաստան: 

 

-Անդրադառնանք մեծ տվյալներին ու թվային փոխակերպման գործընթացում դրանց կիրառությանը։ Ի՞նչ նոր զարգացումներ կան, ինչպե՞ս են թե պետությունները, թե մասնավոր հատվածը ինտեգրում տվյալները մարդկանց կյանքը հեշտացնող նոր ծառայություններ ու գործիքներ առաջարկելու համար։ 

-Տվյալները տնտեսության մեջ միշտ էլ մեծ նշանակություն են ունեցել։ Որևէ ապրանք, ծառայություն մատուցելու համար ընկերություններն իրականացրել են մարքեթինգային ուսումնասիրություններ, հավաքել են տվյալներ, վերլուծել են դրանք ու համապատասխան ապրանքը մտել է շուկա: Եղել են կազմակերպություններ, որոնք ստեղծել են այնպիսի ապրանք, որը հավանել են բոլորը, ինչը նաև հենց այդ ուսումնասիրությունների շնորհիվ է եղել, քանի որ բավարարել է սպառողների ցանկություններն ու պահանջները: Եթե նախկինում մեծամասամբ իրականացվում էին հարցումներ, ֆոկուս խմբեր, օգտագործվում էին տեղեկատվության հավաքման այլ մեթոդներ, ապա այսօր փոխվել է տվյալների ստացման ձևաչափը։

Շատ հաճախ մարդիկ ուղղակի մոռանում են ինչ-որ երևույթներ կամ այն փորձառությունը, որի միջով անցել են, ու նրանց տրամադրած տվյալները հաճախ չեն արտացոլում իրականությունը: Տվյալների մեծ բազաների առավելությունն այն է, որ այդ բոլոր տվյալները հավաքագրվում են իրական ժամանակում և մեծ քանակով: Դրա համար են հաճախ ասում՝ մեքենաներն ավելի լավ գիտեն Ձեզ, քան Ձեզ հարազատ մարդը կամ նույնիսկ Դուք ինքներդ։ Վարքագծային տնտեսագիտության համաձայն՝ շատ բաներ մենք անում ենք ենթագիտակցական մակարդակում, երբեմն մենք դրանք չենք էլ ֆիքսում, բայց մեքենաները ֆիքսում են։ Ու որքան արագ ու արդիական են դառնում գաջեթները, որից մենք օգտվում ենք, այնքան շատ տվյալներ ենք մենք հաղորդում և արդյունքում ձևավորվում է ընդհանրական պատկեր։

Այս գործընթացում առաջին փուլը տվյալների հավաքագրումն է. որքան ճշգրիտ, այնքան լավ։ Ինչքան շատ, այնքան լավ: Չինաստանը լավագույն օրինակն է։ Երկրորդը տվյալների բազաների որակի ապահովումն է, քանի որ հավաքագրված ինֆորմացիայի մեջ միշտ կա աղմուկ՝ սխալ ու վատ տվյալներ, որոնք որևէ ազդեցություն չեն ունենում, բայց շեղում են ընդհանուր պատկերը, հետևաբար պետք է այդ տվյալները մաքրել: Երրորդը՝ վերլուծությունն է և դրանց արդյունքում որոշումների կայացումը: 

Ինչպես արդեն նշեցի, Չինաստանը մեծ տվյալների տիրապետման առումով առաջատարներից է աշխարհում: Alipay, Alibaba, WeChat ծրագրերն արդեն ունեն անհատականացված տվյալներ, որի հիման վրա սպառողները ստանում են իրենց համար նախատեսված գովազդ, ինչն օգնում է ավելի թիրախային ծառայություններ մատուցել: 

 

-Թվային տնտեսության սրընթաց զարգացումը մեզ ի վերջո ու՞ր է տանում, ո՞րն է ապագայի տնտեսությունը և ինչո՞վ է զբաղված լինելու մարդկային բանականությունը դրանում: 

-Ինչպես երրորդ արդյունաբերական հեղաշրջման դեպքում, երբ ռոբոտներն ու ավտոմատացման գործառույթները ծանր բեռը վերցրին իրենց վրա՝ կատարելով մարդկանց կողմից իրականացվող մեխանիկական աշխատանքը և այդպիսով օգնեցին նրանց նոր զբաղվածություն գտնել ձևավորվող տնտեսական հնարավորությունների մեջ, այդպես էլ այսօր արհեստական բանականությունն է հանդես գալիս որպես մարդկանց կյանքը թեթևացնող և օժանդակ գործիք: Եթե ավտոմատացման դեպքում ռոբոտներն օգնում էին կատարել ֆիզիկական աշխատանք, ապա ԱԲ-ի դեպքում գործ ունենք մտավոր աշխատանքի և բանականության հետ:

Դժվար է ասել արդյոք մենք հնարավորություն ունենք ձևավորել այնպիսի ալգորիթմներ, նոր հավելվածներ, որ կկրկնեն մեր մտավոր ունակությունները՝ զգացմունքները, ինտուիցիան՝ բարձր ճշգրտությամբ: Եվ ինձ թվում է՝ դեռ ոչ ոք այդ ծավալը չի պատկերացնում, քանի որ դա պայմանավորված է երեք գործոնով՝ տվյալների ծավալ, ինտերնետի արագություն և այդ տվյալները վերլուծող սարքավորումներ, այսինքն՝ տեխնոլոգիա: 

Որքան ինտերնետն ու սարքավորումներն արագ լինեն, այնքան ավելի շատ տվյալներ կհավաքենք ու կվերլուծենք, ինչն էլ ավելի խելացի կդարձնի արհեստական բանականությունը։ Մարդ-ԱԲ գործիքներ հարաբերությունը նպաստում է, որ արհեստական բանականությունը մարդուց սովորի ու ավելի լավ ճանաչի նրան: Այստեղ անգամ չեմ խոսում քվանտային տեխնոլոգիաների մասին, որոնց արդյունքում մեքենաներն ավելի արագ ու արդյունավետ կդառնան։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ շատ կարևոր է պետությունների ու համաշխարհային հանրության դերը կարգավորումներ մշակելու առումով, որպեսզի այդ տեխնոլոգիաները ռիսկային չլինեն ամբողջ հասարակության համար։ Մենք այս պրոցեսը կանգնեցնել չենք կարող, այն զարգանալու է, հետևաբար պետք է օգուտներ քաղել՝ անընդհատ հիշելով ռիսկերի մասին։

 

-Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ նոր ասելիք ու հարցեր են գեներացվել, որ պատրաստվում եք շոշափել Doing Digital Forum 2024-ի ընթացքում։

-Եթե անցյալ տարի ավելի ընդհանրական անդրադարձ էինք կատարում այս կամ այն տեխնոլոգիաներին, ապա այս տարի թվային տնտեսության վերաբերյալ մեր պանելը  հյուրընկալելու է բիզնես ոլորտի տարբեր ներկայացուցիչների, և մենք նրանց հետ քննարկելու ենք, թե հայկական իրականության մեջ այդ կազմակերպություններն ինչպես են ընդունում և ներդնում տեխնոլոգիաները։ Մենք հաճախ ենք օրինակներ բերում զարգացած պետությունների լավագույն տեխնոլոգիական ընկերությունների փորձից, բայց մեզ համար ունիկալ հնարավորություն է ստեղծվել լսել հայկական առաջատար ընկերությունների փորձի մասին: Ինչպես նաև քննարկելու ենք խնդիրներն ու փորձելու ենք առաջարկներ ներկայացնել փոխակերպման գործընթացի սահուն իրականացման համար: Կարծում եմ՝ առաջատար ընկերությունների ու նրանց առաջնորդների համար DDF-ը բացառիկ հարթակ է լինելու քննարկել իրենց կողմից նախաձեռնած փոփոխությունների ընթացքը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am