Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պատմության գանձերը. Արգիշտի I արքայի սեպագիր արձանագրությամբ կափարիչը՝ համաշխարհային նշանակության բացառիկ նմուշ

Պատմության գանձերը. Արգիշտի I արքայի սեպագիր արձանագրությամբ 
կափարիչը՝ համաշխարհային նշանակության բացառիկ նմուշ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ սկսում են «Պատմության գանձերը» խորագրով նոր նախագիծ ՝ ներկայացնելով թանգարանում պահվող բացառիկ նմուշները:  

Ավելի քան մեկդարյա ճանապարհ անցած այս մշակութային կենտրոնն իր պատերի ներսում ամբողջացնում է  հազարամյակների պատմություն՝ ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ՝ ներկայացնելով Հայաստանի պատմությունն ու մշակույթը Հին քարի դարից մինչև մեր օրերը:

Դե ինչ, գնանք բացահայտելու պատմության թանգարանում պահվող հետաքրքիր, հնամենի և առեղծվածային նմուշները: Մեր թողարկումները  կգտնեք «Արմենպրես»-ի կայքում ամեն չորեքշաբթի:

***

«Կարմիր բլուր» հնավայրը  հայտնի է իր տարբեր ժամանակների, հատկապես Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ժառանգությամբ: Հենց  «Կարմիր բլուր»-ի պեղումների ընթացքում է հայտնաբերվել Ք.ա.VIII դարին թվագրվող  կափարիչը: Այն ինքնատիպ նմուշ է և հստակ խոսում է դարաշրջանի մասին, որտեղ արդեն իսկ զարգացած է եղել  ոսկերչական արհեստը՝ իր բոլոր ճյուղերով, և ոչ միայն: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը  նշեց, որ նմուշը անոթի սկավառակաձև կափարիչ է և ձևով նման է ուրարտական վահաններին:

OLD02131.JPG (554 KB)

«Կափարիչը շատ արժեքավոր է և հստակ թվագրվում է Ք.ա.VIII դարին,  քանի որ դրա վերին երրորդ արծաթյա գոտու վրա փորագրված է Արգիշտի I արքայի մեկ տողանոց սեպագիր արձանագրությունը: Կափարիչի մակերեսը բոլորված է մեկընդմեջ արծաթյա և ոսկյա համակենտրոն ութ գոտիներով: Ոսկյա գոտիները հարդարված են ուրարտական արվեստին բնորոշ լոտոսի կոկոններից կազմված ծաղկեշղթայով: Սկավառակի կենտրոնում տեղադրված է նռան պտղի քանդակ` ծաղիկը ծայրին»,-ասաց մասնագետը:

OLD02134.JPG (489 KB)

Զոհրաբյանն ընդգծեց՝ կափարիչի հայտնաբերմամբ Հայկական լեռնաշխարհում առաջին անգամ տեսնում ենք գրի առկայություն և տեսնում ենք, թե Վանի թագավորները ի՞նչ բանաձևեր են օգտագործել իրենց աստվածներին մեծարելու և իրենց իշխանությունն այդ ենթատեքստում ընդգծելու համար:

OLD02135.JPG (504 KB)

«Արձանագրության մեջ ամենահետաքրքիրը «խուփ» բառն է, որը գրված է հենց այն ձևով, ինչ ձևով մենք ենք օգտագործում, այսինքն՝ համահունչ է հայերեն խուփ արտասանությանը:  Այստեղ ամեն մի դետալը պահանջում է ոսկերչական բացառիկ տաղանդ և հմտություն, ինչը վկայում է, որ Վանի թագավորությունում   զարգացած են եղել ոսկերչությունը, արծաթագործությունը, երկաթագործությունը: Այսինքն, կարելի է ասել, որ առհասարակ Հայկական լեռնաշխարհում հմուտ տիրապետել են արհեստի ու արվեստի բոլոր ճյուղերին»,- ասաց նա:

OLD02140.JPG (597 KB)

Կարևոր արձանագրություն պարունակող կափարիչը, ըստ մասնագետի, ունի նաև համաշխարհային մեծ նշանակություն. ուրարտական արձանագրությամբ ամեն մի նշում բացառիկ է, որովհետև ամբողջ աշխարհում դրանց քանակությունն այնքան էլ մեծ չէ: Բացի դա, այս նմուշի ուսումնասիրման և ընթերցման ժամանակ նոր բառեր և նշաններ  են հայտնաբերվել, ինչը ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մասնագետներին հնարավորություն է տվել ավելի շատ բացահայտումներ անել ուրարտական դարաշրջանի մասին:

OLD02138.JPG (411 KB)

Զոհրաբյանը փաստեց, որ նմուշը բազմիցս հետազոտվել  է ուրարտական դարաշրջանի ուսումնասիրմամբ և բացահայտմամբ  զբաղվող համաշխարհային տարբեր հնագետների կողմից: Իսկ բազմաթիվ ուրարտագետներ նմուշի մասին նաև մի շարք հոդվածներ  են հրատարակել իրենց աշխատություններում:

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am