Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Տիկնիկներին կյանք ու հոգի տալով՝ երեխաներին փոխանցել գլխավորը․ տիկնիկավարի մասնագիտական գաղտնիքները

Տիկնիկներին կյանք ու հոգի տալով՝ երեխաներին փոխանցել գլխավորը․ 
տիկնիկավարի մասնագիտական գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր կյանքն առանց տիկնիկային թատրոնի չպատկերացնող Աղասի Մելքոնյանը դեռ մանկուց հստակ գիտեր ինչ է ուզում: Փոքր տարիքից տիկնիկային ներկայացումները նրան տարել են թատրոնի մոգական աշխարհ, ու նա միշտ ցանկացել է իմանալ, թե ինչ է կատարվում կուլիսներից այն կողմ, և ահա նա տեղում է:

«Արմենպրեսի»-ի հետ զրույցում դերասան-տիկնիկավար Աղասին ընդգծեց՝ տիկնիկային թատրոնում դրսևորվել է դեռևս ուսանողական առաջին տարիներից և բախտ է ունեցել աշխատել Երվանդ Մանարյանի հետ:

Աքլոր, իշխան, թզուկ, կոկորդիլոս. կերպարները շատ են, իսկ նրանց կյանք, շունչ ու հոգի տալու, նրանց միջոցով կարևոր ասելիքը երեխաներին հասցնելու բարդ  լեզուն գտնելու համար, ըստ դերասանի, պետք է ունենալ աշխատասիրություն և, իհարկե, սեր դեպի տիկնիկային թատրոնը:

«Եթե դու խաղում ես, օրինակ՝ դրամատիկ ներկայացումներ, ապա քո մարմինը, որպես դերասան, պետք է շատ ճկուն լինի, իսկ  Տիկնիկային թատրոնում դու շունչ ես տալիս անշունչ առարկային։ Երբ դերասանը ձեռքն է վերցնում  անշունչ տիկնիկին և շարժման ընթացքում շունչ, սեր ու ջերմություն է տալիս նրան, այն  նաև փոխանցվում է  հանդիսատեսին»,-նշեց Աղասին:

Դերասանը դժվարացավ առանձնացնել սիրելի կերպար՝ բոլորն էլ իրեն հարազատ են: Իսկ իր ներկայացման մեջ ամենաառանցքայինը մարդն է և մարդկային փոխհարաբերությունները: Ըստ նրա՝ իր ներկայացումներով  փորձում է սովորեցնել երեխաներին, որ բոլոր պարագաներում երազելն ամենակարևորն է: Նպատակներին հասնելու համար ևս կարևոր է երազել:

Դերասանի ուղին հեշտ չէ, իսկ տիկնիկների հետ բեմը կիսելն էլ ավելի բարդ գործընթաց է՝ նրանք պահանջում են շատ էներգիա, էմոցիա, շունչ ու կյանք: Աղասին իր անցած երկար ճանապարհը վերհիշելով նշեց, որ եթե չլիներ դերասան, կլիներ երաժիշտ կամ երգիչ, քանի որ փոքր տարիքից հաճախել է նաև երգի դասերի, բայց վստահ է՝ եթե ժամանակը հետ տային, նորից ընտրելու էր նույն բարդ, բայց չափազանց  հետաքրքիր ուղին՝ դառնալու էր դերասան:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am