Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով՝ հիշատակելով 3+3 հարթակը

Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության 
միջոցով՝ հիշատակելով 3+3 հարթակը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։

Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը՝ խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը չլուծված վեճերը կարգավորելու համար։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում։   

Քանանին նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել վեճերը երկխոսության միջոցով։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։

3+3 հարթակի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Հանդիպումն անցկացվել է Թեհրանում  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։  Մինչ այդ 3+3 հարթակի շրջանակներում մեկ հանդիպում էլ կայացել էր Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները։ Հարթակի հանդիպումներին հրավիրվել է նաև Վրաստանը, սակայն վրացական կողմը հրաժարվել է այդ ձևաչափով քննարկումների մասնակցելուց։ 3+3 հարթակով հանդիպումներ անցկացնելու առաջարկը 44-օրյա պատերազմից հետո արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am