Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Ինչ տխուր է սակայն»-ն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Ինչ տխուր է սակայն»-ն՝ առաջատար. հայ 
գրականություն. մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն առաջին տեղում է։ «Ինչ տխուր է սակայն»-ը զգացմունքների պատերազմ է: Գրքի շարքերը կառուցված են զգայությունների և ապրումների պայմանական բաժանումներով: Սա պոեզիա է մերօրյա մարդու մասին` տխուր, բայց ոչ հուսահատ։ Հենրիկ Էդոյանի կարծիքով՝ «Համլետ Առաքելյանն «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում փորձում է բանաստեղծական լեզվամտածողությամբ բացատրել և մեկնաբանել իր աշխարհի առեղծվածը»:

Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ գիրքը երկրորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024 թ հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Մանե Մարտիրոսյանի «Պուտավոր զգեստով աղջիկը. վազող ամպերի հետքերով» գիրքը չորրորդ տեղում է։ «Պուտավոր զգեստով աղջիկը» պատմություն է մի երիտասարդ աղջկա մասին, նրա երազանքների և երբեմն դրանց բացակայության մասին է: Գրքում ներկայացված է հայկական իրականությունը և այդ իրականության մեջ հերոսի դժվարություններն ու ձեռքբերումները, որը կարող է օգնել շատ երիտասարդների ևս մեկ անգամ արժևորել կյանքն ու իրենց որոշումները: Գիրքն ընթերցելիս կճամփորդեք հերոսուհու հետ և կստանաք կյանքում պայքարելու մոտիվացիայի մեծ պաշար: «Վազող ամպերի հետքերով» պատմությունը պուտավոր զգեստով աղջկա կյանքի մի նոր փուլի, վազող ամպերի հետքերով դեռ չիրականացված և նոր երազանքների ետևից սլանալու մասին է։ Հերոսուհին ներկայացնում է ֆրանսիական և հայկական միջավայրերի տարբերությունները, կիսվում է ավանդապաշտ ծնողներին հաղթելու, կին և տղամարդ առողջ փոխհարաբերությունների իր գաղտնիքներով, անձնական դժվարություններով, ձեռքբերումներով, հույզերով ու ապրումներով։ Պատմությունը մեկ անգամ ևս ստիպում է հասկանալ, որ հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից։

Հինգերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Վեցերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...

Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիրը» յոթերորդ տեղում է։ Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է... Այսպիսի դրություն էր 2023թ. Շրջափակված Արցախում, որի բնակիչներն անում էին հնարավորն ու անհնարինը՝ այս հողում ապրելու իրավունքը վաստակելու համար, բայց և ոչինչ չէին կարողանում փոխել, որովհետև ամեն ինչ իրենց փոխարեն արդեն իսկ որոշված էր... Գիրքը շրջափակումից օրեր առաջ Արցախ գնացած մի երևանցի աղջկա մասին է, ով սիրելիին խոստացել էր, որ բաժանվում են ընդամենը մեկ ամսով, բայց ճանապարհը, որով անարգել հեռացել էր սիրած մարդուց, փակվում է՝ դառնալով իրենց անժամկետ բաժանման պատճառը: Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, ինչպես հեղինակի բոլոր գրքերը, այս մեկը ևս համեմված է սիրո, կարոտի, սպասման թեմաներով: Մտքում անդադար իր երեք կարոտները՝ կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը՝ հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները: Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար: Դժվարություններ, որոնք հաղթահարում էր արցախահայությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու հույսով, բայց պայքարը, ցավոք, ավարտվեց Արցախի կորստով ու գաղթի ճանապարհով:

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքն ութերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Իններորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրքը, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Տասներորդ տեղում Գրիգի «Friedensdorf» -ն է։ Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորն` ի՞նչ անել հիմա Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է՝ առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները՝ մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 Համլետ Առաքելյան, «Ինչ տխուր է սակայն» Հեղ․հրատ 67
2 +7 Աշոտ Աղաբաբյան, «Սև Հովազ 2» Հեղ․հրատ 64
3 *

Գրիգոր Քեշիշյան, «Շելա»

Դավինչի 55
4 Նոր 213eb572fd93b919ca62ba0581c0d9de.jpg (29 KB)

Մանե Մարտիրոսյան, «Պուտավոր զգեստով աղջիկը․ Վազող ամպերի հետքերով» 

Հեղ.հրատ 33
5 * Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես»  Հեղ․հրատ 32
6 -1

Մարկ Արեն և Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին» 

Բուկինիստ 31
7 նոր 00-00191948.jpg (40 KB) Գոհար Նավասարդյան, «Կիսատ օրագիրը»  Հեղ․հրատ 29
8 * 0b08cd4d4d7264fc93a72b1ee01d13ed.jpg (95 KB)

Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» 

Դավինչի 25
9 -7

«Բարի գործերի քաղաքը»

Բուկինիստ 23
10 նոր FRIEDENSDORF-1.jpg (90 KB)

Գրիգ, «FRIEDENSDORF»

Անտարես 10

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am