Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իրանը հայտնել է Իսրայելին հրթիռային հարվածներով 100 մլն դոլարի վնաս հասցնելու մասին. ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի

Իրանը հայտնել է Իսրայելին հրթիռային հարվածներով 100 մլն դոլարի վնաս 
հասցնելու մասին. ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելը մոտ 100 միլիոն դոլարի վնաս է կրել միայն ապրիլի 14-ի գիշերը իրանական անօդաչու թռչող սարքերի հրթիռային հարվածների առաջին ժամերին, հայտնում է IRNA-ն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ աղբյուրի՝ լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ, կիրակի օրը հիմնականում հարվածներ են հասցվել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերին, որոնք փորձել են որսալ Իրանից արձակված անօդաչու սարքերն ու հրթիռները: Իսրայելի 14-րդ ալիքը հաղորդել է, որ մի քանի հրթիռներ են հարվածել Արադ քաղաքին, որը գտնվում է Իսրայելի հարավում գտնվող Բեերշաբայից 45 կմ հեռավորության վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Մի քանի հրթիռներ են հարվածել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Ում ալ Ֆահմ քաղաքին, որից հետո փրկարարներն ու բժիշկները շտապել են դեպքի վայր։ Եվս մի քանի հրթիռ ընկել է Նեգև անապատում Իսրայելի տարածքների հարավում:

Իրանի էլիտար զինված ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտարարել է, որ ապրիլի 14-ի վաղ առավոտյան տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ: Այս հարձակումներն իրականացվել են ի պատասխան Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ այս ամսվա սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի, որի հետևանքով սպանվել են ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան հրամանատարներ:

Ինչպես հայտնում են Vesty.co.il-ը, The New York Times-ը, վկայակոչելով Երուսաղեմի և Վաշինգտոնի իրազեկ աղբյուրները, Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 բալիստիկ հրթիռ։ Ըստ աղբյուրների՝ հարձակումների մեծ մասն իրականացվել է Իրանից, մնացածը՝ Իրաքից և Եմենից։ Հարվածներ են եղել նաև Սիրիայից և Լիբանանից։

Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ տեղեկացնելով, որ իր հարձակումն Իսրայելի վրա լեգիտիմ և արդարացված ինքնապաշտպանական գործողություն է «սիոնիստական ագրեսիայի» դեմ։ Նամակում նաև քննադատվում է Անվտանգության խորհուրդը՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահաբեր օդային հարձակումը չդատապարտելու համար:

NBC News-ը, վկայակոչելով երեք աղբյուրներ, հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենը Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում անհանգստություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ։ ԱՄՆ նախագահը հասկացնել է տվել, որ իր երկիրը շահագրգռված չէ նման սցենարով և չի ձգտում ուղիղ պատերազմի Իրանի հետ։ Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է բացասաբար ազդել պատանդների ազատ արձակման բանակցությունների վրա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա. «Սա լուրջ էսկալացիա է, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մեծ ռազմական բախումների Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում: Ես դա կրկին ու կրկին շեշտում եմ, քանի որ ոչ տարածաշրջանը, ոչ մոլորակն ամբողջությամբ չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանի խնդրանքով ապրիլի 14-ին հրատապ նիստ կանցկացնի։ Նա պահանջում է, որ Իրանը դատապարտվի, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարվի ահաբեկչական կազմակերպություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am