Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավանդույթի համաձայն կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին հարյուրավոր երկրպագուներ:

Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը հույն Օլիմպիական խաղերի չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսն է:

Մինչև Ֆրանսիա հասնելը ջահը կշրջի ամբողջ Հունաստանով և միայն 10 օր անց կհասնի հյուրընկալող երկիր:

Կրակի վառման արարողությանը նախորդած ելույթների ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս հայտնեց, որ աշխարհի համար այս դժվարին շրջանում Օլիմպիական խաղերը կլինեն բոլորին միավորող օղակը:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: 

Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում նոր մարզաձև է լինելու բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում և այլն: Այս Խաղերում կաշխատի մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից:

Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am