Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական 
առաքելության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։

Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։

Նորին Սրբությունը գնահատել է բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։

Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am