Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Կին և տղամարդ փոխհարաբերություններ, հակադրություններ և ընդհանրություններ. Հովհաննես Դավթյանի «Կաբlook»-ը՝ Եվրոպայում

Կին և տղամարդ փոխհարաբերություններ, հակադրություններ և 
ընդհանրություններ. Հովհաննես Դավթյանի «Կաբlook»-ը՝ Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դերասան Հովհաննես Դավթյանի սթենդ ափ ժանրի կատակերգական ներկայացումները, որոնք անդրադառնում են անհատին, հասարակությանը, բարձրաձայնում մեր առօրյայի լավ ու վատ կողմերը, հնարավորություն տալիս մտածելու վատ սովորություններից ձերբազատվելու մասին, սիրված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Դավթյանն իր «Կաբlook» ներկայացմամբ այժմ շրջագայում է Եվրոպայում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշում է՝ Եվրոպայում ապրող հայերին տեսնելու հնարավորությունը բաց թողնել չէր կարող:

3ad92374-cf1a-4d7b-9dbf-75044d49ba56.jpg (73 KB)

«Շրջագայությունները սկսեցինք Գերմանիայից: Ելույթներ ունեցա Ֆրանկֆուրտում, Քյոլնում և Համբուրգում: Հաջորդը Ֆրանսիան էր՝ Լիոն և Մարսել, ապա՝ Բելգիան: Իսկապես շատ ջերմ հանդիսատես ունեմ: Բոլոր կատակները՝ անկախ աշխարհագրությունից, հասկանում են, թեպետ անկեղծանամ, որ սկզբնական շրջանում մտավախություն ունեի, որ հումորները կարող են ընկալելի չլինել, սակայն մտավախությունն անտեղի էր»,-խոստովանում է նա:

Դավթյանի խոսքով՝ «Կաբlook»-ը դիտելու են գնում այն մարդիկ, որոնք հետևում են իր գործունեությանը, քանի որ համացանցն այսօր վերացնում է բոլոր սահմանները:

Դերասանը «Կաբlook» ներկայացմամբ անդրադառնում է կին և տղամարդ փոխհարաբերություններին, հակադրություններին, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: «Կանանց և աղջիկների բնավորության յուրահատուկ կողմերի մասին եմ խոսքում, որոնք տղամարդկանց համար տարօրինակ և անհասկանալի են, ինչն, իհարկե, նորմալ է, քանի որ տղամարդիկ էլ ունեն բնավորության կողմեր, որոնք պակաս տարօրինակ չեն կանանց համար: Ամեն բան վերցրել եմ կյանքից: Ներկայացումից հետո թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ մարդիկ գրում են, որ շատ իրական էր, իրենց կյանքից, առօրյայից է: Որքան էլ տղամարդիկ սիրում  են ասել, որ իրենք միայնակ են որոշումներ կայացնում, կան հարցեր, որոնց պարագայում սիրով լսում են կնոջը, իսկ կանայք երբեմն ավելի խոհեմ են»,-ընդգծում է Դավթյանն ու հավելում՝ «Կաբlook» ներկայացումն ինտերակտիվ է:

Յուրաքանչյուր ներկայացում բեմադրելիս թեմայի շուրջ աշխատում են ստեղծագործական թիմով: Յոթ կամ ութ տարի է՝ Դավթյանը համագործակցում է մի քանի սցենարիստի հետ: Սթենդ ափ ժանրում ներկայանում է շուրջ տասը տարի, բայց ժամանակի ընթացքում հասկացել է, որ լավ արդյունքը պահպանելու, նոր հաջողություններ գրանցելու համար իրեն թիմ է անհրաժեշտ:

«Ուրախությամբ կարող եմ փաստել, որ թիմիս անդամներն ինձ լավ գիտեն, հասկանում են իմ լեզվամտածողությունը՝ ինչը կարող է ինձ համապատասխանել, արդյունքում միայն առաջընթաց ենք գրանցում՝ ընդլայնելով ելույթների հարթակները»,-ասում է դերասանը:

Երևանում Հովհաննես Դավթյանի սթենդ ափ ներկայացումները տարվա ընթացքում դիտում է 40-ից 50 հազար հանդիսատես:  Նա պարբերաբար հանդես է գալիս նաև արտերկրում, իսկ դերասանի յութուբյան ալիքի միլիոնավոր դիտումների շնորհիվ նրա նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծանում է:

Հովհաննես Դավթյանի «Կաբlook» ներկայացումը նվիրված է կանանց տոներին: «Առաջնախաղը կայացավ մարտի 8-ին: Իսկապես մեծ հաջողություն ունեցանք. 3 սեանս խաղացի, ինչը մեր ոլորտում (հումորի) չլսված հաջողություն էր: Հաջորդ հանդիպումն էլ տեղի ունեցավ մարտի 9-ին (2 սեանս): 11 հազար հանդիսատես երկու օրում դիտեց «Կաբlook»-ը, սակայն այն դիտել ցանկացողների թիվը նույնիսկ ավելի մեծ էր. մարտի 4-ից բոլոր տոմսերը վաճառված էին: Ապրիլին «Կաբlook»-ը կրկին բեմում է: Հազարավոր մարդիկ ցանկանում են դիտել այն, ինչը մոտիվացնում է թե՛ ինձ, թե՛ իմ թիմին»,-եզրափակում է Հովհաննես Դավթյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am