Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի 
համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմական քայլով այս շաբաթը նշանավորվում է երկու պետությունների միջև  ընդլայնված տնտեսական, սոցիալական և ռազմավարական համագործակցության հնարավորությունների նոր դարաշրջանի մեկնարկով: Այս իրադարձության կարևորությունն ու դրական ազդեցությունը կարող է հսկայական լինել Հայաստանի համար։ Սաուդյան Արաբիան  տարածաշրջանային ազդեցիկ տերություն է, որը զգալի ազդեցություն ունի արաբական և Իսլամական աշխարհում: Ավելի հստակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը կարող են արգասաբեր գործընկերներ դառնալ՝ կառուցելու այնպիսի ապագա, որտեղ կարևորվում  է մարդկային ներուժը և նոր թափ հաղորդվում պետության զարգացմանը:

Հայաստանի համար այդ հարաբերությունների զարգացումը նրա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ցուցիչ է, և միաժամանակ աջակցություն այդ գործընթացին։  Հայաստանը անցում է կատարում  մեկ գործընկերոջից չափազանց կախվածության դարաշրջանից դեպի այլ երկրների հետ ակտիվ հարաբերությունների հաստատմանը: Հանձինս Սաուդյան Արաբիայի, Հայաստանը  կհարաբերվի ինստիտուցիոնալացված ժամանակակից երկրի հետ, որն աչքի է ընկնում  գործընկերային ռազմավարությունների բարձր պրոֆեսիոնալիզմով, արտասահմանում ներդրումներ կատարելու համար զգալի ֆինանսական ներուժով և այնպիսի համագործակցությունների հաստատմամբ, որն օգնում է նրան զարգացնել նորարարությունները երկրի ներսում: Սա բարենպաստ պահ է ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների ուրվագծման համար, որոնք այնուհետև կօգնեն իրագործելի, փոխշահավետ նպատակների սահմանմանը: Հայաստանի համար կարևոր կլինի հավասարակշռության և փոխադարձության արձանագրումը՝ քարտեզագրելով Սաուդյան Արաբիային ներկայացվող առաջարկները։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է  ռազմավարական առաջարկներ ներկայացնի Սաուդյան Արաբիային՝ ի աջակցություն իր զարգացման:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, ընդհանուր առմամբ, նշանակալի դրական իրադարձություն է նաև Հարավային Կովկասի համար: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի հսկայական ռեսուրսները և նրա հավակնությունները՝ որպես աճող տերություն, Թագավորությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանի կայունացման և կայուն զարգացման գործում: Սաուդյան Արաբիան կարող է միջնորդական դեր խաղալ՝ օգնելով կանխելու ապագա հակամարտությունների առաջացումը։ Սակայն նույնիսկ ավելի անուղղակի մոտեցման դեպքում Սաուդյան Արաբիան կարող է նպաստել կայունության հաստատմանն իր դիվանագիտական լծակների և բոլոր կողմերի հետ փոխգործակցության, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում երկարաժամկետ ներդրումներ կատարելու միջոցով:    

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունն առանձնանում է յուրօրինակություններով։  Այն իրեն ներկայացնում է որպես արբիտր տնտեսական բարգավաճման և կայուն խաղաղության հարցերում:  Այն նաև իրեն դիրքավորում է որպես չեզոք երկիր, որը կարող է հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ և միևնույն ժամանակ ամուր հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Այն նույնիսկ աշխատանքային դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նախկին տարածաշրջանային մրցակիցների հետ, ինչպիսիք են՝ Թուրքիան և Իրանը։ Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմից անմիջապես առաջ: Սա Սաուդյան Արաբիային հնարավորություն է տալիս իրավահավասար հիմունքներով համագործակցել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ՝ չենթարկվելով հակամարտող բլոկների բևեռացմանը։ 

Բազմակողմանիությունը ներկայումս Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունն է: Դիվերսիֆիկացման օրակարգի շրջանակներում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության հաստատումը, ինչպես նաև լրացուցիչ գործընկերների հետ հարաբերությունները, ինչպիսիք են Ֆրանսիան, Եգիպտոսը, Հունաստանը և Կիպրոսը, կարող են ամրապնդել Հայաստանի ընդգրկվածությունը և համատեղ նախագծերի հաջողությունը: Բացի այդ, հաշվի առնելով նրա առաջատար դերը արաբական և իսլամական աշխարհում, ինչպես նաև անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին, ՇՀԿ-ին, ԻՀԿ-ին և այլ բազմակողմ ձևաչափերին, Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի աճող հարաբերությունները դրական ազդակ կփոխանցեն այլ պետությունների՝ քաջալերելով նրանց  կառուցողական համագործակցություն ունենալ Հայաստանի հետ:

Սաուդյան Արաբիայի համար Հարավային Կովկասը լայն Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մասն է։ Քանի որ Սաուդյան Արաբիան ամրապնդում է իր դիրքերը որպես տարածաշրջանային կառուցողական դիրքորոշում ունեցող տերություն, նրա համար կարևոր կլինի պահպանել իր ներկայությունն ու դիվանագիտական ժառանգություն կառուցել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում:

Ավելին, իր հասարակության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված ներքին զարգացման գործընթացում Սաուդյան Արաբիան կարող է բարեկամ գտնել ի դեմս Հայաստանի: Երկու ժողովուրդների միջև կա մշակութային խորը կապվածության դարավոր ժառանգություն: Հայ ներգաղթյալները, հատկապես Սիրիայից և Լիբանանից, Սաուդյան Արաբիայում շատ լավ համբավ ունեն որպես մարդիկ, ովքեր մասնակցել են ժամանակակից թագավորության կառուցմանը: Մշակութային փոխանակումները, խառնամուսնությունները և ընդհանուր պատմության բազմաթիվ ակնառու պահերը ստեղծել են դրական կապեր, որոնք կարող են մի շարք նախաձեռնությունների հիմք հանդիսանալ: 

Ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, Սաուդյան Արաբիան մեծ ներդրումներ է կատարում հիմնարար նորարարությունների ոլորտում, որոնք կարող են խթանել տնտեսական աճը: Երկրի ներսում այս նպատակն իրագործելու համար Սաուդյան Արաբիան ցանկանում է ներգրավել տաղանդներ և մտավոր կապիտալ,  ինչը կնպաստի արագ աճին: Հայաստանը, չնայած իր առջև ծառացած դժվարություններին, գտել և մշակել է լուծումներ, որոնք կարող են խթանել Սաուդյան Արաբիայի աճը առանցքային ոլորտներում՝ տեխնոլոգիաներից մինչև մշակույթ:

Գործընկեր երկրների հետ Սաուդյան Արաբիայի փոխգործակցության առանցքային ուղղությունը տնտեսության ռազմավարական կարևոր ոլորտներում երկարաժամկետ ներդրումներն են: Հայաստանը պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարի  համատեղ ներդրումների նպատակային ողջամիտ հնարավորություններ ընտրելու համար: Սա հատկապես վերաբերում է գյուղատնտեսության, արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սաուդյան Արաբիայի համար: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի՝ լայնածավալ, երկարաժամկետ կապիտալ ներդրումներ տրամադրելու կարողությունը՝ երկկողմ նախագծերը կարող են ներառել ներդրումներ ենթակառուցվածքներում և տնտեսական զարգացման մեջ, որոնք փոխակերպիչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա:

Կառավարության ղեկավարությամբ ընթացող քննարկումներից բացի, քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կարող են մեծապես նպաստել հանրային դիվանագիտության զարգացմանը և Հայաստանի  ու Սաուդյան Արաբիայի առաջատար կազմակերպությունների միջև կոնկրետ ռազմավարական համագործակցության հաստատմանը: Հայաստանը կարևոր հնարավորություն ունի ներգրավելու մասնավոր հատվածի, սոցիալական ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների և ներդրումների զարգացման, գյուղատնտեսության և այլ ոլորտների լավագույն ներկայացուցիչներին՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև արդյունավետ և փոխշահավետ նախաձեռնությունների ուսումնասիրման համար։ Համագործակցության այս ոլորտը կարող է ներառել նաև Հայաստանում ակադեմիական ինստիտուտներ, գիտական հարթակներ և տեխնիկական հետազոտողներ, որոնք կարող են մասնակցել ներկայումս Սաուդյան Արաբիայում իրականացվող տարբեր գիտական նախաձեռնություններին, որոնք կենտրոնացած են թագավորության նորաստեղծ կենտրոններում և համալսարաններում: Զբոսաշրջությունը և առևտրային հարաբերությունները ունեն զարգացման հնարավորություն, և Սաուդյան Արաբիան կարող է դառնալ գյուղատնտեսական ապրանքների արտահանման պոտենցիալ շուկա:

Հայաստանի համար սա նաև հնարավորություն է ակտիվացնելու իր սփյուռքը։  Չնայած փոքրաթիվ լինելուն, հայկական սփյուռքը, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, շատ ավելի մեծ կշիռ ունի իր գլոբալ կապերի և ներկայացվածության շնորհիվ: Հայկական սփյուռքում առանցքային կապերը կարող են ներգրավել գործարար և նորարարական ներուժ, որը Սաուդյան Արաբիան փնտրում է սեփական աճի պատմությունը կերտելու համար:

Մշակույթի ոլորտում Սաուդյան Արաբիան խոշոր ներդրող է՝ զարգացնելով երաժշտական արվեստը և ստեղծելով ենթակառուցվածքներ համերգների և երաժշտական երկխոսության համար։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հայ համայնքի կողմից մշակութային արժեքների ստեղծման պատմությունը՝ Սաուդյան Արաբիայի համար այդ ժառանգության բնական շարունակությունն է հայ արվեստագետների, կրթական հաստատությունների և ստեղծագործողների ներգրավումը մշակութային արժեքների ստեղծման գործում: Դա թույլ կտա երկու պետություններին հասնել մշակութային դիվանագիտության կարևոր նպատակներին և կծառայի մարդկանց միջև կապերի ամրապնդմանը։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ուղղությամբ փոխել Հարավային Կովկասի զարգացման հետագիծը։  Այս հնարավորությունն այն պահն է, երբ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան կարող են սովորել միմյանցից և ավելին իմանալ միմյանց մասին: Երկու երկրներն էլ պետք է օգուտ քաղեն այս պահից և անկեղծորեն ու առատաձեռնորեն կիսվեն միմյանց հետ՝ համագործակցության և փոխադարձության վրա հիմնված գործընկերություն կառուցելու նպատակով:

Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա

Դավիթ Անտոնյան, Կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am