Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. Երևանում շանսոնյեին նվիրված ցուցահանդես բացվեց

Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. Երևանում 
շանսոնյեին նվիրված ցուցահանդես բացվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն իր քանդակներով նորովի է ներկայացրել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա քանդակի է վերածել ոչ միայն Ազնավուրի խոսուն դեմքն ու արտիստիզմը, այլև նրա հրաշալի երաժշտությունը, որը տարիներ շարունակ ոգևորել է Մազմանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քանդակագործի՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 26-ին «Two Arcs» ցուցասրահում:

1D2_7784.jpg (691 KB)

Ներկայացված են Ազնավուրին պատկերող դիմաքանդակներ, կոմպոզիցիոն աշխատանքներ ու գծանկարներ: Ստեղծագործություններն Ազնավուրի ուղիղ վերարտադրությունը չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են, վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին:

Ազնավուրին նվիրված հավաքածու ունենալու մասին Մկրտիչ Մազմանյանը նախապես չի մտածել: Ամեն բան ինքնաբերաբար է ստացվել: Հեղինակը խոստովանում է՝ անում է այն, ինչ սրտից է բխում:

«Անչափ ուրախ եմ Շառլին նվիրված այս ցուցահանդեսի բացման և իմ պատկերագրքի շնորհանդեսի համար: Իսկապես երջանիկ եմ»,-ասում է Մազմանյանը:

Նա կարծում է՝ արվեստագետը պետք է դուրս գա ակադեմիական ոճից և տրվի ստեղծագործական ազատությանը, քայլի ժամանակի հետ: Հավանաբար այդ մտածելակերպի արդյունքում է քանդակագործը զարմանալի աշխատանքներ ստեղծել, որոնք մտածելու առիթ են տալիս:

1D2_7721.jpg (450 KB)

«Գուցե  մեկ օրվա մեջ մի արձան ավարտին հասցնեմ, սակայն Շառլի քանդակների վրա աշխատել եմ շուրջ երկու տարի: Ազնավուրին պաշտում եմ 1960-ականներից: Առաջ սիրում էի լսելով, հետագայում հպարտանում էի, որ նման մեծ հայ կա աշխարհում, իսկ հիմա հպարտանում եմ, որ նա որպես երգիչ, կատարող բանաստեղծ և դերասան արել է այն, ինչ ոչ ոք մինչ օրս չի արել բեմում»,-շեշտում է Մազմանյանը:

Նա ցուցադրել է Ազնավուրին նվիրված ստեղծագործությունների մի մասը միայն, ներկայացրել մոնումենտալ արձանների էսքիզներ, որոնք  հետագայում կարող են զարդարել տարբեր քաղաքների պուրակներն ու փողոցները:

Մկրտիչ Մազմանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ստեղծագործություն հույզերից է ծնվում, սակայն, եթե քանդակագործը միայն հույզերին տրվի, չի կարող կառավարել աշխատանքը: Յուրաքանչյուր դիմաքանդակ մի երգի ներշնչմամբ է կերտել, ասում է՝ երգը թարգմանել է՝ այն վերածելով քանդակի, ծավալների:

1D2_7723.jpg (767 KB)

«Երգերի անգամ վերնագրերը չեմ հիշում, սակայն ես գրեթե երաժշտագետի պես հասկանում եմ Շառլի երգերը, վերլուծում եմ ու վերածում եմ ծավալների: Նա իմ ուսուցիչն է եղել: Հայաստանից հետո Էստոնիայում իմ ուսուցիչները այնքան էլ բարձրակարգ չէին, և Ազնավուրն ինձ փրկեց. ես աշխատում էի ծավալի մեջ տեսնել Ազնավուրի հնչյունները, երգերը»,-պատմում է քանդակագործը:

Ցուցահանդեսը, որում ներկայացված են քսանից ավելի ուշագրավ ստեղծագործություններ, համադրել է Մկրտիչ Մազմանյանի դուստրը՝ Զառա Մազմանյանը: «Մազմանյանի տաղանդի արդյունքում ստանալու ենք այն էմոցիաներն ու լիցքերը, որ ուժ կտան մի պահ հեռանալ իրականությունից»,-նշում է նա ու հիշեցնում, որ հայրը ցուցահանդեսներով ներկայանում է աշխարհի տարբեր հարթակներում, սակայն երկար տարիներ անց նրա առաջին ցուցահանդեսն է Երևանում, ինչը մեծ պատասխանատվություն է:

«Այս ցուցահանդեսը նվիրված է Ազնավուրին, նրա արվեստին, կյանքին: Որոշեցինք ներկայացնել նրա էմոցիոնալ դաշտը: Բոլորս Ազնավուրի հետ որևէ կապ ունենք՝ ուրախություն, թախիծ, սեր: Այս ցուցահանդեսով փորձում ենք բոլորին հասցնել այդ հույզերը, որ ուրախությունից հուզվեն, ինչու չէ՝ պարեն»,-ընդգծում է Զառա Մազմանյանը:

1D2_7720.jpg (424 KB)

Ցուցահանդեսին նաև տեղի ունեցավ Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը Մազմանյանի տարիների աշխատանքի տրամաբանական շարունակությունն է: Գրքում ամփոփված են վարպետի աշխատանքները՝ ուսանողական տարիներից մինչ օրս: «Այն արդեն հրատարակել էինք, երբ ստեղծվեցին նոր քանդակներ, որոնք չհասցրինք զետեղել գրքում, սակայն Մազմանյանի առաջիկա անհատական ցուցահանդեսի ընթացքում հույս ունեմ՝ երկրորդ գիրքը կհրատարակենք»,-նշում է Զառա Մազմանյանը:

Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, արվեստասերներ, պետական այրեր: Պատվավոր հյուրերն էին Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրն ու նրա  տիկինը՝ Քրիստինա Ազնավուրը:

«Շնորհակալություն եմ հայտնում այս ցուցահանդեսի համար, որով արժևորվում են  իմ հոր արվեստն ու ժառանգությունը»,-շեշտում է Նիկոլա Ազնավուրը:

Մկրտիչ Մազմանյանը Հայաստանի հայտնի կերպարային (ֆիգուրատիկ) քանդակագործներից է: Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են  մարդկային փառասիրությունը, զարթոնքն ու էվոլյուցիան: Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է  բնությունից և մարդկանցից: Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված են մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am