Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները:

ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է հյուրերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկամ Գերմանիային խաղաղություն և հետագա բարգավաճում:

Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահը հաճույքով է հիշել նաև ս.թ. ապրիլին Գերմանիա կատարած իր այցը և փոխըմբռնման ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Զինգհամմերի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը առաջին քրիստոնյա երկիր կլինի արդյունավետ և լի անմոռանալի տպավորություններով, ինչը երկկողմ հարաբերությունների սերտացման ուղղությամբ ջանքերին ավելի մեծ հաստատակամություն կհաղորդի:

Համակարծիք լինելով, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ զրուցակիցներն այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում զգալիորեն կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ վերջին ժամանակաշրջանում Բունդեսթագի խորհրդարանականները Հայաստանից բացի, այցելում են նաև Լեռնային Ղարաբաղ՝ տեղում անմիջականորեն ծանոթանալու ԼՂ հիմնախնդրին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, որն արտահայտվեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևով: 

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցությունը Հայաստանի համար կարևորվում է նաև Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում՝ հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը ԵՄ կառույցներում և շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին Գերմանիայի օժանդակության համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջպետական հարաբերություններում հատուկ տեղ զբաղեցնող գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը: 

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ չնայած Գերմանիան ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման, բայց կիսում են նույն արժեքները: Նրա խոսքով, գերմանացիներն աշխարհի առաջին քրիստոնեական պետության հետ հատուկ զգացումով են կապված, և պատմական ճշմարտությունը փաստող Հայոց ցեղասպանության բանաձևն էլ միտված է խաղաղությանը, քանի որ նրա համոզմամբ, ճշմարտությունը խաղաղության հասնելու համար կարևոր նախապայման է:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին և խաղաղությանն սպառնացող մարտահրավերներին:

Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հազեն ՀՀ Նախագահին է հանձնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դրույթների համաձայն 2008թ. ձուլված 29 բրոնզե աղավնիներից մեկը: Աղավնին տրվում է այն քաղաքական, պետական գործիչներին, ովքեր պայքարում են խաղաղության և հատկապես կրոնական ազատությունների համար:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ի դեպ, նախկինում նման պարգևի են արժանացել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, Դալայ Լաման, Միխայիլ Գորբաչովը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am