Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահը բրյուսելյան այցի ընթացքում կոշտ դիրքորոշում ցուցաբերեց արցախյան հիմնահարցի վերաբերյալ. Բեքարյան

Նախագահը բրյուսելյան այցի ընթացքում կոշտ դիրքորոշում ցուցաբերեց արցախյան 
հիմնահարցի վերաբերյալ. Բեքարյան

 ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բոլոր բրյուսելյան հանդիպումներում և հարցազրույցներում արցախյան հիմնահարցի վերաբերյալ ցուցաբերել է հստակ և կոշտ դիրքորոշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Դա արված էր Հայաստանի դիրքորոշումը ավելի ընկալելի և ընդգծված դարձնելու միջազգային հանրությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր խոչընդոտները»,- ասաց Բեքարյանը:

Ըստ պատգամավորի` այցելության շրջանակում անդրադարձ եղավ ապրիլյան պատերազմին և այն նախադրյալներին, որոնք հնարավոր դարձրեցին պատերազմը:

«Այն ժամանակ միջազգային հանրությունը կոշտ չարձագանքեց և կանխարգելիչ դերակատարություն չստանձնեց, ինչի հետևանքով ներկայումս շարունակվում են սրացումները շփման գծում: Այսինքն` միջազգային հանրության միասնական արձագանք չտալու դեպքում լարված իրավիճակից անցում չի լինի խաղաղ փուլ»,- նշեց Բեքարյանը:

Բեքարյանի խոսքով` նախագահը արձագանքեց նաև Ադրբեջանի կողմից մշտապես շահարկվող այն թեզին, թե իբր հայկական կողմը փորձում է միայն կառչել ստատուս-քվոյից:

«Նախագահի կողմից տրվեց բավականին լայնածավալ և բովանդակային պատասխան այս թեզին՝ կապելով երկու հիմնական դրույթների հետ: Առաջինը այն, որ իրավիճակի սրացման և  սահմաններում մարդկային զոհերի ու վիրավորումների դեպքում քաղաքակիրթ բանակցություն վարելը և խաղաղ կարգավորման գործընթացը տվյալ պարագայում բնական չէ: Նախագահը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականությունը  և ներկա սրացումները հետ են մղում քաղաքական բանակցային գործընթաց կոչվածը»,- ընդգծեց Բեքարյանը:

Բեքարյանը նաև նշեց, որ եթե Ադրբեջանը ցանկություն ունի փոխել ստատուս-քվոն, դրա հնարավոր տարբերակն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

«Ադրբեջանի պատրանքները, շփման գծում սրացումների և հումանիտար աղետների միջոցով հայկական կողմից և միջազգային  հանրությունից դիվիդենտներ քաղելու առումով, չեն աշխատում: Այս համատեքստում նախագահի հանդիպումներից երկուսի ժամանակ  հնչեցին մեսիջներ, որ Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունը պահելու համար Հայաստանի Հանրապետությունը չի խորշելու օգտագործել իր ողջ զինանոցը:  Այս հստակեցումները կարևոր էր հղել ոչ միայն եվրոպական գործընկերներին, եվրոպական հանրությանը, այլև Ադրբեջանին և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրներին»,- շեշտեց Բեքարյանը:

 Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ կառույցների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ այլոց հետ, քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաեւ արցախյան հիմնահարցին առնչվող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am