Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին ընդունեց Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով նորանշանակ դեսպան Հիլին Երևանում՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների զարգացումը ամենատարբեր ոլորտներում, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:
Դեսպան Հիլը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին շեշտեց, որ իր կառավարությունը մեծապես հետաքրքրված է՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ, և ինքը հավելյալ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվեց արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը, իրավապայմանագրային դաշտի զարգացման, առևտրատնտեսական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կապերի խթանման անհրաժեշտությունը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ Նոր Զելանդիայի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը։
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային հրատապ հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում