Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կհանգեցնի ավիատոմսերի գների անկման. Սերգեյ Ավետիսյան

ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կհանգեցնի ավիատոմսերի 
գների անկման. Սերգեյ Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության և Հայաստանի միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը հանգեցնելու է դաշտում շատ լուրջ մրցակցության, որը տեղի կունենա ավիաընկերությունների ակտիվացման շնորհիվ: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Մրցակցության ավելացումն էլ իր հերթին հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման և սպասարկման որակի բարձրացման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավետիսյանը:

Երևանում ապրիլի 27-ին տրվեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Ավետիսյանը չցանկացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ կավարտվեն Եվրոպական Միության հետ բանակցությունները և երբ հնարավոր կլինի ստորագրել ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, քանի որ բանակցությունները նոր են մեկնարկել: Սերգեյ Ավետիսյանը հույս հայտնեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կկարողանան վերջնական տեսքի բերել համաձայնագիրը և ստորագրել այն:

Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան` ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական ու օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները: Եվրոպական Միության Տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am