Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Freedom House
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Freedom House-ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում այս ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիևի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ ԶԼՄ-ների ևս ճնշելու նախադեպ հանդիսանալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում