Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերից մեկը հայուհի է

 Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերից մեկը հայուհի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է:

Alex&Ani ապրանքանիշն աշխարհում ամենահայտնի զարդերի ապրանքանիշներից է:

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը: Նա ծնվել է ոսկերչական բիզնեսի միջավայրում, սակայն ի սկզբանե Կարոլինն աշխատել է Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ: 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկերությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:

Կարոլին Ռաֆայելյանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարձել են նրա բրենդի հիմքը: Արդեն 2010թ. ընկերության զուտ եկամուտը կազմել է 2 մլն դոլար:

2015թ. Կարոլինի բիզնեսի տարեկան եկամուտն արդեն կազմում էր 230 մլն դոլար: Նա բացեց ավելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

2016թ. Forbes ամսագիրը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն դոլար կարողությամբ, իսկ նրա ընկերության կապիտալիզացիան Forbes ընկերությունը գնահատեց 1 մլրդ դոլար:

Կարոլին Ռաֆայելյանն ակտիվ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար: Այդ գումարների մի մասը նա նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

2015-ից նրա Alex&Ani ընկերությունը սկսել է վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

«Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային աղյուսակը գլխավորել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը՝ Բիլ Գեյթսի կինը: Առաջին հնգյակում ընդգրկվել են ծագումով պաղեստինցի ամերիկացի ակտիվիստ Լինդա Սարասուրը, Save the Children կազմակերպության ղեկավար, դանիացի Հելլե Թորնինգ-Շմիդտը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին և երգչուհի Ադելը:

Ամսագիրն Ամալ Քլունիի մասին գրում է, որ նա աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենաազդեցիկ իրավաբաններից է: Ամալն, ազատ տիրապետելով արաբերենին և ֆրանսերենին, իր վրա է վերցնում մարդկության դեմ կատարվող հանցագործությունները: Նա Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում ներկայացրեց Հայաստանը, և CNN-ով աջակցում էր եզդիների իրավունքների պաշտպանությանն ու կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պատժմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am