Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ռազմական ուսումնական հաստատությունների 230 շրջանավարտներ ստացան լեյտենանտի կոչում

Ռազմական ուսումնական հաստատությունների 230 շրջանավարտներ ստացան 
լեյտենանտի կոչում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գալինա Կարապետյանը 4 տարի ռազմական ավիացիոն համալսարանում սովորելուց հետո այսօր արդեն ծառայության կմեկնի լեյտենանտի կոչումով: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց լեյտենանտը:

«Մենք առաջին աղջիկներն ենք, որ չորս տարի սովորում ենք ու գնում ծառայության որպես դասակի հրամանատարներ: Անսովոր կլինի իմ ենթակայության տակ գտնվող տղաներին հրաման տալը, բայց ինձ թվում է` կհարմարվենք, որովհետև գիտենք, որ սպան հայոց բանակում պետք է իր դիրքն ունենա, կապ չունի` կին է, թե տղամարդ»,- նշեց Գալինան:

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ Գալինան իր մասնագիտության ու զինվորական դառնալու հանդեպ սեր ունեցել է դեռ դպրոցական տարիքում, իսկ ծնողներն այս որոշման հետ մինչ օրս չեն համակերպվում:

«Հիմա էլ բողոքներ կան, որ պետք է գնամ տնից շատ հեռու ծառայելու, բայց դեմ չեն կանգնում իմ ընտրած մասնագիտությանը, որովհետև մտածում են, որ ավելի լավ է այն ես ընտրեմ ու դժվարությունները կարողանամ ինքս հաղթահարել»,- ասաց լեյտենանտ Կարապետյանը:

Ավարտական միջոցառմանը մասնակցելու, նորաթուխ սպաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում կարևորեց հատկապես աղջիկ սպաների դերը:

«Ուզում եմ քաջալերել մեր աղջիկներին, որ իրենք բարձրագույն կրթություն ստանալու այսպիսի տարբերակի մասին մտածեն, որովհետև դա մեր ծառայության որակը ընդհանուր առմամբ կբարձրացնի»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը շրջանավարտներին ուղղված խոսքում նշեց, որ լինել հայոց բանակի սպա՝ նշանակում է լինել պատասխանատու ոչ միայն զինվորների առաջ, այլև այդ զինվորների համար:

«Վաղը հայոց բանակը չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է երեկ, որովհետև ունենալու է ձեզ: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ ինչ-որ բան փոխելու է բանակում, և որ հայոց բանակի ապագան կախված է ձեզանից»,- ասաց Փաշինյանը:

Լեյտենանտի կոչումը նոր ստացած Կորյուն Սահակյանը նույնպես իր մասնագիտությունը սիրելով է ընդունվել համալսարան: Ասում է, որ ծառայությանը լավ է տրամադրված:

«Եղել եմ այն զորամասերում, որտեղ մենք պետք է անցկացնենք ծառայությունը: Շատ լավ մթնոլորտ է տիրում, ծառայությունն էլ լավ կանցնի»,- նշեց լեյտենանտ Սահակյանը:

Միջոցառման ընթացքում իրենց ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները ստացան ռազմական ուսումնական հաստատությունների`  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի 230 շրջանավարտներ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am