Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

34 սիրիահայ և իրաքահայ ուսանող կրթաթոշակ է ստացել Կլոր սեղան հիմնադրամից

34 սիրիահայ և իրաքահայ ուսանող կրթաթոշակ է ստացել Կլոր սեղան հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (ՀԿՍ) «Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեց Սիրիայի և Իրաքի հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած 34 ուսանողի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կրթաթոշակակիրներն ընտրվել էին հստակ ժամկետներով հայտարարված բաց մրցույթի միջոցով՝ գնահատելով նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու անհերքելի սոցիալական կարիքը: 

Կրթաթոշակների հանձնման առիթով ՀԿՍ հիմնադրամի գրասենյակում էին հյուրընկալվել կրթաթոշակ ստացած ուսանողներն ու ծրագրում ակտիվորեն ներգրավված երիտասարդները: Նրանք նախևառաջ ճանաչողական շրջայց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Ռուբեն Սևակի» անվան արվեստի թանգարանում նրանց ողջունեց տնօրեն Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը: Հոգրևորականը ներկայացրեց Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրաբին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին և այլ մտավորականներին նվիրված պատկերասրահը, որտեղ ցուցադրված են ավելի քան 200 արվեստի գործեր, ինչպես նաև Ռուբեն Սևակին պատկանող իրերն ու նկարները: Երիտասարդները նաև այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, որն ամփոփում է ժամանակի ընթացքում հայկական աշխարհասփյուռ համայնքներից ստացված և հայ վարպետների ձիրքի և գեղեցկության բարձրարվեստ ընկալման մասին վկայող ցուցանմուշները: 

Երիտասարդներին ողջունեցին ՀԿՍ գրասենյակի գործադիր տնօրեն՝ Կարեն Նազարյանը և «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ պարոն Լևոն Անտոնյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի Ֆինանսական պատասխանատու Լենա Բաղդասարյանը:

2018 թ. աշնանը հայտարարված մրցույթին ընդհանուր հաշվով ստացվել է 57 դիմում, որոնք դիտարկել է անկախ ընտրող հանձնաժողովը, որը կազմում էին ՀԿՍ հիմնադրամի, «Հալեպ» ՀԿ-ի և սիրիահայ ուսանողների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մանրամասնորեն` հաշվի առնելով դիմորդի առաջադիմությունը, համայնքային մասնակցությունը և սոցիալ-տնտեսական կարիքը: Արդյունքում ընտրվել է 14 ուսումնական հաստատություններ ներկայացնող 34 կրթաթոշակառու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am