Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններով. Զարուհի Բաթոյան

Ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է 
ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններով. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում այսուհետ ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարությունը ընդունեց  ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախագծի` ապաստարանը  պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: «Ապաստարանը պետք է  ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար։ Ներքին կարգապահական կանոնները հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը», -ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե  Հայաստանում կա՞ն, արդյոք, այդ պահանջներ բավարարող ապաստարաններ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում երկու ապաստարան կա՝ հիմնված բացառապես հասարակական կազմակերպությունների կողմից:

«Ցավոք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռ որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրել, սակայն այս տարի մենք նախատեսում ենք դա իրականացնել, և կառավարության այս որոշումը կտարածվի այսուհետ ստեղծվող յուրաքանչյուր ապաստարանի համար: Այսինքն` անկախ նրանից այդ ապաստարանները կստեղծվեն պետության կողմից, պետության աջակցությամբ, թե հասարակական կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնք պետք է ապահովի ապաստարանը»,- ասաց Բաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am