Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վալենտինա Բաբոր. Հայերը շատ երաժշտական և սրտառուչ ազգ են

Վալենտինա Բաբոր. Հայերը շատ երաժշտական և սրտառուչ ազգ են

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մեծ ճանաչում վայելող և ամենահետաքրքիր դաշնակահարուհիներից մեկը՝ Վալենտինա Բաբորը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դաշնակահարուհին կներկայացնի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Մայիսի 16-ին կայանալիք երեկոյի ընթացքում նվագախումբը կկատարի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2 սիմֆոնիան։
Վալենտինա Բաբորը երրորդ անգամ է հանդես գալիս մեր երկրում և նշում է, որ իր համար միշտ հաճելի է այցելել Հայաստան։ «Ես և մայրս շատ ենք սիրում Երևանը։ Ցավոք, մայրս այս անգամ չկարողացավ գալ ինձ հետ, քանի որ կոտրել է ոտքը»,- նկատեց դաշնակահարուհին։  

«Երբ ամեն անգամ գալիս եմ Երևան, զգում եմ, որ շատ երաժշտական և սրտառուչ ազգ եք։ Ինձ դուր է գալիս դա։ Իմ սիրելի շատ արտիստներ ունեն հայկական արմատներ՝ օրինակ, անմոռանալի Շառլ Ազնավուրը, Պատրիկ Ֆիորին…»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանում է նա։

Վալենտինա Բաբորը Երևանում կատարելու է Շոպենի Դաշնամուրային թիվ 1 կոնցերտը։ Նա նկատում է, որ դա իր ամենասիրելի ստեղծագործություններից է, և ինքը հատուկ մի պատմություն ունի այս ստեղծագործության հետ կապված. «Պապիկս, որը նույնպես դաշնակահար էր, այս կոնցերտը նվագում էր բարեգործական համերգում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորված մարդկանց։ Նա նաև այն առաջիններից էր, ով ինձ ունկնդրել է դաշնամուր նվագելիս, երբ ես երեխա էի։ Եվ նրա մեծագույն ցանկություններից մեկն էր, որպեսզի ես դառնամ դաշնակահար»։  

Ամեն երաժիշտ ունի իր սիրելի կոմպոզիտորը, Բաբորի համար նրանք Մոցարտն ու Շոպենն են։

Դաշնակահարուհին 5 տարեկանից գնացել է դաշնամուրի, ջութակի և վոկալի դասերի։ Ո՞րն է նրա համար ավելի հոգեհարազատ։ Երաժիշտը նկատում է, որ երբ երեխա էր, միշտ ցանկանում էր սովորել ջութակ. «Գուցե դա նրանից էր, որ մայրս, որ բալետի պարուհի էր, հաճախ ինձ իր հետ տանում էր թատրոն, և ես շատ տպավորված էի ջութակահարների կատարումներից։ Բայց ծնողներս կարծում էին, որ ես շատ փոքր եմ ջութակի համար. նրանք ինձ համար գնեցին դաշնամուր, և ես սկսեցի իմպրովիզներ անել նոր գործիքի վրա։ Որոշ երաժիշտներ և ծնողներիս ընկերները նկատեցին, որ դա այնքան էլ վատ չի ստացվում ինձ մոտ։ Այսպիսով` նրանք սկսեցին աջակցել ինձ։ Ի վերջո, ընտրեցի այս գործիքը, քանի որ շատ ավելի վարպետորեն դաշնամուր էի նվագում, քան ջութակ։ Երբ այժմ մտածում եմ այդ մասին, կարծում եմ, որ եթե դաշնակահար չդառնայի, կընտրեի երգչի մասնագիտությունը, քանի որ, իմ կարծիքով, երգեցողությունը մեր հոգու ամենաբնական և անմիջական արտահայտությունն է, և լավ երգիչները ինձ համար ներշնչանքի մեծ աղբյուր են»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am