Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վարչապետը երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործի հարուցման լուրը շոկային է համարում

Վարչապետը երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործի հարուցման լուրը 
շոկային է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործին և նշեց, որ երեկ, ըստ էության, այդ առումով շոկային լուր ստացվեց: «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշեց, որ երկու շաբաթ առաջ ևս մեկ անձ էր ձերբակալվել այս գործով ու նրան հիմա մեղադրանք է առաջադրված: Երեկ ձերբակալվել են 4 անձինք: Նրա խոսքով՝ այս պահին ապացույցները բավարար են նրանց մեղադրանք առաջադրելու քրեական օրենսգրքի 167 հոդվածի երկրորդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը:

«Այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների բավարար համակցություն: Բացի այդ, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ: Սկսած 2012 թվականի բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: «Կարևոր է հասկանալ, թե ի՞նչպես է պատահում, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:

Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում, երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այնքան էլ ճիշտ չի եղել:

Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն ու մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետեւանքներով»,- ասաց վարչապետը:

Դեկտեմբերի 18-ին, օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով  ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am