Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Դու հրաշալի ես, Հայաստան. հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը լեփ-լեցուն դահլիճում կատարեց իր լավագույն երգերը

Դու հրաշալի ես, Հայաստան. հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը լեփ-լեցուն 
դահլիճում կատարեց իր լավագույն երգերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն երգիչ, երգահան Նիկոս Վերտիսին Հայաստանում մեծ ճանաչում են բերել «An eisai ena asteri», «Thelo na me noises» հիթերը, սակայն նրա բոլոր ստեղծագործություններն են գեղեցիկ: Երգերի  բառերը շատերը չեն հասկանում, քանի որ նա բացառապես հունարեն է երգում, սակայն դա բնավ չի խանգարում վայելել այդ ստեղծագործությունները, սիրել և երազել դրանց  ներքո:

Երգչի հայ երկրպագուների մեծ բանակի պահանջով և հայ ընկերների առաջարկով նա մայիսի 3-ին մենահամերգով հանդես եկավ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերտիսը Հայաստան էր ժամանել մի խումբ բարձրակարգ երաժիշտների հետ: Վերտիսն ու երաժիշտները մեծ ոգևորությամբ էին կատարում երգչի հին ու նոր երգերը, իսկ երկրպագուները բուռն ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով ու սիրո խոստովանություններով էին հետևում համերգի ընթացքին:

Հենց համերգի մեկնարկին Նիկոս Վերտիսը խոստացավ այնպես երգել, որ երաժշտասերներն անմոռանալի ժամանակ անցկացնեն և դահլիճից երջանիկ հեռանան: Նա, վստահաբար, իր խոստման տերը եղավ:

Մեղեդային, լիրիկական մի քանի երգից հետո Վերտիսը հիշեցրեց, որ հույները սիրում են երգել, պարել, բավականություն ստանալ կյանքից և հունական երգերով ցանկանում են լավ տրամադրություն փոխանցել: Նա կատարեց երգեր՝ գրված շատ տարիներ առաջ, երգեր, որոնք թողարկել էր մինչև իր առաջին ալբոմը ձայնագրելը: Դեռ այն ժամանակ Վերտիսը կարծել է, որ մի օր դրանք կարող են հիթեր դառնալ և չի սխալվել, քանի որ երգերը ստիպում են պարել բոլորին, Հայաստանի երկրպագուներին ևս:

Համերգային երեկոյին հանդիսատեսն իր համակրանքն արտահայտեց նաև Վերտիսին ծաղկեփնջեր նվիրելով: Երգիչն իր ամենափոքր երկրպագուներից մեկին անգլերեն հարցրեց, թե ինչ է նրա անունը, իսկ երեխան, մի քանի վայրկյան լռելուց հետո, ռուսերեն ասաց, որ հունարեն չի հասկանում: Այդ դրվագն իսկապես զվարճացրեց ներկաներին:

Վերտիսը խոստովանեց՝ մինչ Հայաստան այցելելը շատ բան չի իմացել երկրի մասին, սակայն իր հայ ընկերների շնորհիվ վստահ է եղել, որ հայերը ջերմ են ու հյուրընկալ, ինչն ապացուցվել է. իրեն շատ լավ են ընդունել և բազմաթիվ հայկական համեղ ուտեստներ հյուրասիրել:

Երկրպագուների ծափողջույնների ներքո երգիչն ասաց, որ սիրել է Հայաստանը, այն հրաշալի է համարում ու երկրորդ անգամ «An eisai ena asteri», «Thelo na me noises» երգերը երգելուց հետո բեմը լքեց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Նիկոս Վերտիսն իր առաջին ալբոմը ձայնագրել է ինքնուրույն, երաժշտության և բառերի հեղինակը ևս նա է։ Մինչ օրս թողարկել է հինգ ստուդիական ալբոմ՝ մեկ ձայնասկավառակ սինգլով և երկու հատուկ շարք CD/DVD ալբոմներով։ Մինչ Universal Music Greece-ի հետ պայմանագիր կնքելը, երգել է Հյուսիսային Հունաստանի փոքր ակումբներում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am