Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքվելիք գործարքը նավթի համաշխարհային շուկայում հեղաշրջում չի առաջացնի․ փորձագետի մեկնաբանությունը

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքվելիք գործարքը նավթի համաշխարհային շուկայում հեղաշրջում չի առաջացնի․ փորձագետի մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանասաուդական նավթային գործարքը միջազգային մասշտաբով հեղաշրջում չի առաջացնի այն պարզ պատճառով, որ համաշխարհային շուկան հագեցած է նավթի պաշարներով, և նույնիսկ այդ պայմաններում էական գնանկում չի նախատեսվում, հետևաբար այդ գործարքից հեղափոխական սպասելիքներ չարժե ունենալ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ, էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կնքվելիք նավթագազային գործարքի նշանակությանը։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալմանը քննարկել են չմշակված նավթի գների հեռանկարները և նավթի ու գազի արդյունաբերության մեջ համատեղ ներդրումների հնարավորությունը: Երկու նախարարները ինտենսիվ քննարկում են ունեցել Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում։

«Միջազգային շուկայում նավթի գնագոյացման առթիվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան հանդիսանում են ՕՊԵԿ-ի անդամ, և այդ կազմակերպությունն ունի համաձայնություն, ընդհանուր պայմանագիր Ռուսաստանի հետ, որը կոչվում է «ՕՊԵԿ+»։ Ըստ այդմ՝ ցանկացած փոփոխություն, որը կնախաձեռնեն Իրանն ու Սաուդյան Արաբիան, պետք է գան համաձայնության Ռուսաստանի ու Չինաստանի հետ, առավել ևս, որ վերջինը հանդիսանում է հիմնական մոդերատոր նրանց միջև»,- ասաց Մանվելյանը։

Փորձագետի կարծիքով՝ բոլոր կողմերին այս պահին ձեռնտու չէ նավթի գնանկումը։ Խնդիրն այլ հարթության մեջ է և վերաբերում է աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական վերջին փոփոխություններին, որոնց հիմքում նավթային գործարքներից դոլարի դուրս մղումն է։ Սաուդցիները չինացիների հետ կնքել են պայմանագիր, ըստ որի՝ առքուվաճառքը դոլարով չի իրականացվում։ Նույն գործընթացի մեջ է նաև Իրանը և այդ հարցում համաձայնության է եկել Սաուդյան Արաբիայի հետ։ Չնայած Իրանը  հանդիսանում է նավթի խոշոր արդյունահանող, այդուհանդերձ ունի բենզինի դեֆիցիտ, այսինքն՝ այդ երկրում առկա են զգալի պաշարներ, սակայն չկան վառելիք ստանալու հզորություններ, հետևաբար շատ դեպքերում այդ ամենը ներմուծվում է ԱՄԷ-ից, իսկ ապագայում, ամենայն հավանականությամբ, նաև Սաուդյան Արաբիայից։

«ԱՄՆ-ն դեռ ունի որոշակի ռեսուրսներ՝ դիմակայելու ստորագրվելիք գործարքին։ Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները դարի պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի հետ, որի պայմաններից մեկը հենց դոլարով առքուվաճառքի իրականացումն էր, ինչից հետո սկսվեց «նավթադոլարի դարաշրջանը»։ Այն ժամանակ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կազմում էր ամբողջ աշխարհի ՀՆԱ-ի ավելի քան 50 տոկոսը։ Հիմա այն կազմում է ընդամենը 20 տոկոս, մոտ այդքան էլ կազմում է Չինաստանի ցուցանիշը, այսինքն՝ ԱՄՆ-ն տնտեսապես նախկին գերհզոր տերությունը չէ, որը նախկինում կարող էր ստիպել, որպեսզի միջազգային առքուվաճառքը կատարվեր ամերիկյան արժույթով։ Թեև ներկայումս մի շարք արտարժույթներ փոխարինում են դոլարին, այդուհանդերձ շատ երկրներում այն շարունակում է մնալ գերիշխող ֆինանսական միջոց միջազգային գործարքների համար, մինչև այլընտրանքը չգտնվի»,- նշեց Մանվելյանը։

Ըստ նրա՝ ՕՊԵԿ-ի ստեղծման ամբողջ գաղափարն ու փիլիսոփայությունն էներգակիրների գնային քաղաքականության վերահսկումն է, այսինքն՝ պետք է կազմակերպությունը թելադրի այդ քաղաքականությունը, այլ ոչ թե առանձին երկրներ։ 1970-ական թվականներից սկսած՝ նավթը գլխավորապես արդյունահանվում էր Մերձավոր Արևելքում, հատկապես Պարսից ծոցում, բայց քանի որ նավթային հիմնական բիրժաները գտնվում էին Լոնդոնում և Նյու Յորքում, ուստի գնային քաղաքականությունը թելադրվում էր նշված կենտրոններից։ ՕՊԵԿ-ը ստեղծվեց այդ իրավիճակը փոխու համար։

«Հիմա նույնիսկ սեպարատ պայմանագրեր կնքող պետություններին ձեռնտու չէ գնանկումը, և, եթե նրանք հրաժարվեն քվոտային մանդատից, ապա դա կարող է բերել նավթի գների գահավիժման, որն իր հերթին ամենաանկայուն երևույթն է ամբողջ աշխարհում, հետևաբար կողմերին ձեռնտու է ընդհանուր գնային քաղաքականության շուրջ համաձայնության գալը։ Նախկինում ԱՄՆ-ին հաջողվում էր ժամանակ առ ժամանակ խախտել ՕՊԵԿ-ի կանոնադրությունը, բայց հիմա Վաշինգտոնի համար նույն վարքագիծը դարձել է ավելի դժվար, որովհետև ՕՊԵԿ-ն ավելի կուռ կառույց է դարձել, քան կար քսան տարի առաջ»,- եզրափակեց փորձագետը։      

Մանվել Մարգարյան

  

      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am