Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Adobe-ի գլխավոր գործադիր տնօրենը Հայաստանի տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարները բացահայտելու նպատակ ունի

Adobe-ի գլխավոր գործադիր տնօրենը Հայաստանի տեխնոլոգիական աճի և 
նորարարության հեռանկարները բացահայտելու նպատակ ունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022 թվականի հաղթող, Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, որը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահից իր մրցանակը ստանալու համար, Հայաստանի հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարները բացահայտելու նպատակ ունի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շանթանու Նարայենը իր երկօրյա այցի ընթացքում հայկական ՏՀՏ համայնքի հետ մտքերով փոխանակելու նպատակ ունի: 

Նա իր շնորհակալական ելույթում նշեց՝ պատիվ է լինել Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ դափնեկիրը և միանալ նախկին նշանավոր մրցանակակիրների խմբին, ովքեր ձևավորել են բարձր տեխնոլոգիաների լանդշաֆտը:

«Այս մրցանակը ընդգծում է տեխնոլոգիաների առանցքային դերը՝ դրական փոփոխությունների առաջ մղման գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել և ապրել լիարժեք կյանքով: Adobe-ը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի՝ նորարություններով հարուստ ժառանգության մեջ, և ես իմ առաջիկա այցի ընթացքում ուրախությամբ կբացահայտեմ Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարները: Adobe-ն ունի բավականին մեծ նորարարական պատմություն, մեր տեսլականը թվային փորձառության շնորհիվ աշխարհը փոխելն է: Ես բավարարված են Հայաստանում գրասենյակի բացման համար, որտեղ կան շատ նորարարական ծրագրակազմեր, և թվային փորձառությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Ուրախ ենք Հայաստանում ներկայություն ունենալ համար: Այստեղ կան բազմաթիվ տաղանդներ»,-նշեց Շանթանու Նարայենը Վիվա-ՄՏՍ-ում կազմակերպված ասուլիսի ընթացում։ 

Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը նշեց՝ պատիվ է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շրջանակում Հայաստան ժամանած Շանթանու Նարայենին հյուրընկալել Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում։ Նրա խոսքով՝ միջոցառումը, որը Հայաստանում իրականացվում է արդեն 13 տարի անընդմեջ և որին նույնքան ժամանակ աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը, բարձր արժեք է ներկայացնում Հայաստանի համար՝ համաշխարհային տեխնոլոգիաների բնագավառում իր հեղափոխական և նորարարական ավանդի շնորհիվ։ Միջոցառման ընթացքում երկիր են այցելում ոլորտի առաջատարները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։

«Ներկայում աշխարհը գնում է թվային զարգացման ուղիով։ Թվային փոխակերպումը առաջնահերթություն է ինչպես բիզնեսում, այնպես էլ ողջ աշխարհում ընդհանրապես։ Սա էլ իր հերթին ավելի է ընդլայնում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ընկերությունների գործունեության շրջանակը։ Որպես Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ մենք դա շատ լավ հասկանում ենք և հետևողականորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Համոզված եմ, որ հայկական ՏՀՏ համայնքը մեծապես կշահի պրն. Նարայենի այցելություններից։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության նախաձեռնողներին և կազմակերպիչներին»,-նշեց Ավետիսյանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծեց՝ մեծ պատասխանատվություն է ունենալ ՀՀ պետական մրցանակ և այն հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Էփըլ Քոմփյութըր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը, այսօր՝ Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, մյուսները։  

«Մեր երկրի կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է: Այս ուղղությամբ Բարձր տեխնոլոգիական արդյնունաբերության նախարարությունը շարունակական աշխատանքեր է իրականացում, և մեր գերագույն նպատակն է ունենալ գիտական հիմքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն: Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ փոփոխություններ և լուծումներ են ներդրել՝ դյուրացնելով, նոր հարթության վրա բերելով մարդկության կյանքն ու կենսակերպը։ Նրանց ներկայությունը մեր երկրում գալիս է մեկ անգամ ևս փաստելու և ամրագրելու Հայաստանի ապագան՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող երկիր»,-ասաց Խաչատրյանը։ 

«Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, մրցանակաբաշխության կազմակերպչական հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ մրցանակաբաշխության հիմնական առաքելությունը համաշխարահին մեծության լեգենդներին Հայաստան բերելն ու նրանց երկրի մշակույթին, արժեքներին, գիտակրթական և տեխնոլոգիական համայնքերի հետ  ծանոթացնելն է:

«Դժվար է հերքել, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ, և որ մեր երկիրն ունի բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ ռեսուրսները համաշխարհային խաղացող դառնալու համար։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նման նախաձեռնությունները օգնում են կապեր ստեղծել և բարձրացնել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների աճող կենտրոնի տեսանելիությունը։ Վստահ ենք, որ տարիներ անց այս հեղինակավոր մրցանակը ստացած հսկաները կվերադառնան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձր տեխնոլոգիաների գերժամանակակից մշակույթը՝ այդպիսով բարձրացնելով մեր պետության վստահությունը և համաշխարհային ճանաչումը՝ որպես գիտելիքի և ինտելեկտի վրա հիմնված երկիր»,- ընդգծեց Մուսայելյանը։ 

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Շանթանու Նարայենը միացել է Adobe-ին 1998 թվականին՝ որպես փոխնախագահ և ինժեներական տեխնոլոգիաների խմբի գլխավոր կառավարիչ։ 2005 թվականին նա դարձել է Adobe ընկերության նախագահ և գործադիր գործառնական տնօրեն, 2007 թվականին՝ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 2017 թվականին՝ խորհրդի նախագահ։ Պարոն Նարայենը ԱՄՆ- Հնդկաստան Ռազմավարական գործընկերության ֆորումի փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Pfizer-ի խորհրդի անդամ։ Նա նախկինում աշխատել է որպես Dell-ի տնօրեն, իսկ ավելի վաղ եղել է ԱՄՆ նախագահի կառավարման խորհրդատվական խորհրդի անդամ։ Պարոն Նարայենը մի շարք հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես աշխարհի առաջատար գործադիրներից մեկը, այդ թվում՝ Barron-ի աշխարհի լավագույն գլխավոր գործադիր տնօրենների և Fortune-ի տարվա գործարարների ցուցակներում, ինչպես նաև Glassdoor-ի կողմից ճանաչվել է լավագույն գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատակիցների արձագանքների հիման վրա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am