Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության 
փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական հարաբերություններում մեկնարկում է նոր փուլ, երբ վերանայման են ենթարկվում նախկին փոխգործակցությունն ու օրակարգը, և արդեն խոսվում է նոր նախագծերի (նախևառաջ տնտեսական), միջպետական և տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման մասին, որոնք պետք է նպաստեն հարաբերությունների խորացմանը՝ տալով լուրջ արդյունքներ։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցին և երկու կողմերի միջև կնքված ռազմավարական համաձայնագրին։

«Վերոհիշյալ փաստաթղթով կողմերն արձանագրում են, որ երկուստեք հարաբերություններն այսուհետ լինելու են ավելի բարձր մակարդակի՝ կրելով արդեն ռազմավարական բնույթ։ Փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է, քանզի ներդաշնակում է պաշտոնական Թբիլիսիի ու Երևանի մոտեցումներն ու դիրքորոշումները հետագա փոխգործակցությանն առնչվող հարցերում։ Արձանագրելով առկա հարաբերությունները՝ պետք է նշել, որ դրանք նախկինում խարսխված էին 2001 թվականին կնքված միջպետական պայմանագրի վրա, հետևաբար վաղուց առաջացել էր օրակարգը վերանայելու և վերաիմաստավորելու անհրաժեշտություն։ Աշխատանքները պետք է շարունակվեն նաև այն ուղղությամբ, որպեսզի օրենսդրական դաշտում թարմացվի փաստաթղթային իրավական բազան, ինչն էլ իր հերթին կամրագրի հարաբերությունների նոր փուլի մեկնարկը»,- ասաց վրացագետը։

Մելիքյանի դիտարկմամբ՝ կողմերը կատարեցին ևս մեկ կարևոր քայլ, քանի որ կիսում են նույն արժեհամակարգը, դավանում են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության կարևոր արժեքներին, հետևողականորեն կատարում են ընդգրկուն բարեփոխումներ տարբեր ոլորտներում՝ հետևելով ԵՄ դիրեկտիվներին ու եվրոպական գործընկերների հետ համագործակցության դրույթներին։

Նրա խոսքով՝ Վրաստանը Հայաստանի դարպասն է դեպի եվրոպական, եվրասիական և ռուսական շուկաներ, ուստի տարբեր ուղղություններով Վրաստանի կարևորությունն առավել քան ակնառու է։

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ռազմական բաղադրիչին՝ վրացագետն ընդգծեց, որ, թերևս, այս փուլում կարելի է բավարարվել նրանով, ինչ ունենք և շարունակել համագործակցությունը առանձին ծրագրերի ուղղությամբ։ Պետք է հասկանալ, թե որքանով Թբիլիսիի համար ձեռնտու է այդ ոլորտում կապերի ամրապնդումը։ Այդուհանդերձ, կա տարեկան գործողությունների համատեղ պլան, որն առնչվում է բարեփոխումների, ռազմական բժշկության, ռազմական կրթության ոլորտներին։ Կարիք կա այս բաղադրիչը նույնպես վերաիմաստավորելու՝ նախանշելով նոր հնարավորություններ, նույնիսկ համատեղ զորավարժությունների անցկացում, անվտանգային ենթակառուցվածքների կատարելագործում։ Այդուհանդերձ, այս ուղղությունն, ըստ Մելիքյանի, սահմանափակ է այն առումով, որ Վրաստանի բանակը ձգտում է դեպի ՆԱՏՕ՝ կիրառելով այդ դաշինքի չափորոշիչները, իսկ Հայաստանը դեռևս գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում, ինչը ենթադրում է անվտանգային տարբեր վեկտորներ։ Չնայած այդ հանգամանքին՝ Երևանն ավելի բաց է համագործակցության համար, մինչդեռ Թբիլիսին դեռ ցուցաբերում է կոնսերվատիվ մոտեցում։        

«Վրաստանը վերոհիշյալ համաձայնագրով հավասարակշռում է նաև հարաբերություններն Ադրբեջանի հետ, քանի որ վրացական կողմը ոչ վաղ անցյալում Բաքվի հետ արդեն իսկ ստորագրել էր նման համաձայնագիր։ Դրանով ավելի է արժևորվում Վրաստանի միջնորդական առաքելությունը կողմերին բանակցային ապահով հարթակ տրամադրելու և հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով։ 2020 թվականի պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, մեծապես մտահոգել են պաշտոնական Թբիլիսիին, հետևաբար Հայաստանի հետ հարաբերությունների վերանայումն ունի նաև տարածաշրջանային նշանակություն, քանի որ մեծ ուշադրություն է դարձվում հավասարակշռված կապերի զարգացմանը։ Ադրբեջանում ուշադրությամբ հետևում են հայ-վրացական հարաբերությունների սերտացմանը և նույնիսկ կարելի է ասել, որ դա երկարաժամկետ կտրվածքով չի բխում Բաքվի շահերից, թեև խնդիրը միայն Վրաստանի մեջ չէ։ Կան տարբեր հարթակներ, որտեղ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ, սակայն Բաքուն ոչ կառուցողական քայլերով փորձում է բացառապես իր մոտեցումները թելադրել հայկական կողմին»,- ասաց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով՝ Ադրբեջանի նման գործելակերպը հանգեցնում է ճգնաժամային իրավիճակների, և որքան էլ Վրաստանը փորձի միջնորդական դերակատարություն ունենալ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, թեև չի բացառվում, որ Հարավային Կովկասին առնչվող որոշ խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի շուրջ երեք կողմերին կհաջողվի նստել բանակցային նույն սեղանի շուրջ՝ գնահատելով իրենց հնարավորություններն ու կարողությունները։   

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am