Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գինեգործությանը զարկ տալու նպատակով Հայաստանում ստեղծվում է նոր հիմնադրամ

Գինեգործությանը զարկ տալու նպատակով Հայաստանում ստեղծվում է նոր հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 103 մլն 500 հազար դրամ` հիմնադրամի ստեղծման նպատակով:

«Այս որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Նրա խոսքով` խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ, սակայն ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել ներկա իրավիճակի բարելավմանն և հնարավորությունների ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր:

Ըստ Կարապետյանի` նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներից բացի, դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: Բացի այդ, թե գործադիր իշխանությունը, թե վերը նշված միությունները դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի՝ նաև ոլորտի հետագա զարգացմանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից, պետք է աշխատանք տանել, որպեսզի ոլորտի արտադրանքի արտահանումն աճի: «Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում ենք այս հիմնադրամը»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am