Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Իվերիա» համայնքի առաջացման ու նրա գործունեության մասին միջոցառում կազմակերպվեց Երևանում

«Իվերիա» համայնքի առաջացման ու նրա գործունեության մասին միջոցառում 
կազմակերպվեց 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ով բարեկամ չի փնտրում, նա իր թշնամին է». այս նշանաբանով անցավ երեկոն, որ տեղի ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Այն կազմակերպել Էր հայաստանաբնակ վրացիների «Իվերիա» հայրենակցական միությունը։ Երեկոն  վերածվեց հայ-վրացական դարավոր բարեկամության վառ դրսևորման։ Դրա վկայությունը  նաև այն էր, որ միջոցառման ողջ ընթացքում հավասարապես հնչում էին հայրենն ու վրացերենը։

Այդ օրը Բաբաջանյան դահլիճում  ոչ միայն կատարվեցին  վրացական ու հայկական երգեր ու  պարեր, այլև խոսվեց «Իվերիա» համայնքի առաջացման ու նրա գործունեության մասին, գործունեություն, որը միտված է հայ-վրացական դարավոր բարեկամության խորացմանն ու հետագա զարգացմանը։ Իսկ դրա վառ արտահայտություններից մեկն էլ դահլիճում Երևանի «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ մանկավարժների ու աշակերտների ներկայությունն էր ու նաև նրանց մասնակցությունը համերգային ծրագրին։  Այդ կրթօջախի պատվիրակների ներկայությունը պայմանավորված էր նրանով,  որ արդեն մեկ տասնամյակից ավելի այդ դպրոցը բարեկամություն է անում Թբիլիսիի 98-րդ վրացական դպրոցի հետ։  Երկու կրթօջախների սաները հաճախ են համատեղ միջոցառումներ կազմակերպում, հյուրընկալում միմյանց, անգամ  բաց չեն թողնում  իրենց հանգիստն այս կամ այն վայրում միասին անցկացնելու առիթը։

Օրվա բանախոսները, իսկ նրանք երկուսն էին՝ Նինո Սպանդարաշվիլին և Լիանա Սամադալաշվիլին, համառոտակի ներկայացրեցին  «Իվերիա» հայրենակցական միության ստեղծման պատմությունը։ Բնական է, հիշվեց նաև այդ կազմակերպության հիմնադիր-նախագահի՝  Լենինյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս  Թինաթին Ասաթիանիի անունը, ում նախաձեռնությամբ 1997 թվականին ստեղծվել է «Իվերիան»: Այդ ականավոր ֆիզիկոսի  անունը հավասարապես հարազատ է թե՜ վրացիներին, թե՜ հայերին, քանզի նա տարիներ շարունակ ապրել և աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, եղել է ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի լավագույն գործընկերներից մեկը։ Նա Երևանում է ընտանիք կազմել։ Նրան իրավամբ համարում են հայ ժողովրդի վրացազգի դուստրը։ Այսօր այդ ընկերությունը ղեկավարում է  ճանաչված դաշնակահար ու նաև Աստծո շնորհով մանկավարժ Սվետլանա Նամչևաձեն։

Վրացական համայնքում գործում են կիրակնօրյա դպրոց, պարի և երգի խմբակներ, որտեղ պարապում են թե՜ պատանիներ ու աղջիկներ, թե՜ նրանց մայրերն ու անգամ տատիկները։ Բացի դրանից ահա 12 տարի համայնքն ունի իր տպագիր օրգանը՝ «Իվերիա» ամսաթերթը։ Համայնքի անդամները  քանիցս շեշտել են, որ շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության  վրացական համայնքը,  Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները  պահպանում են իրենց ազգային մշակույթը, լեզուն և ավանդույթները։ Վրացական համայնքի անդամները մշտապես մասնակցում են Վրաստանում և Հայաստանում անցկացվող տարբեր միջոցառումներին՝ լինի դա փառատոն, թե մրցույթ։ Նրանցից շատերն արժանացել են դափնեկրի կոչման։

Այդ դափնեկիրներից մեկն էլ երգչուհի Մարինա Կուխչյանն է, ով Երևանում անցկացված մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի։ Նա  կատարեց «Հայաստան աշխարհ» երգը, ինչի համար արժանացավ ջերմ  ծափողջույնների։

Ասենք, որ այդ երգչուհին ևս երեք անգամ բեմ բարձրացավ և կատարեց նաև վրացերեն և ռուսական երգեր։        

Ցերեկույթը վարողները նաև ճանաչված բանաստեղծներ են ու թարգմանիչներ։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին  Պարույր Սևակի «Միանգամից» բանաստեղծությունը, որը բնագրից թարգմանել է Նինո Սպանդարաշվիլին։ Թարգմանչուհուց հետո Լիանա Սամադալաշվիլին կարդաց Սևակի այդ բանաստեղծությունը հայերեն։ Ներկաներն ըստ արժանվույն գնահատեցին թե՜ թարգմանչի , թե՜ նրա գործընկերուհի  վարպետությունը՜

Ջերմ ընդունելության արժանացավ երիտասարդ դաշնակահար Դավիթ Բախշյանը, ով կատարեց Մերիամ Ղվինիաշվիլու «Մեկ օր մանկությունից» դաշնամուրային կոնցերտը։

Ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց Սայաթ-Նովայի երգի։ Բնական է, որ դահլիճում հնչեց  մեծ աշուղի երգերից մեկը։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վոկալ խումբը (ղեկավարր՝ Մարինե Մկրտչյան) կատարեց «Նազանի» երգը,   ապա այդ նույն դպրոցի երեխաները իրենց վարպետությունը ցուցադրեցին, կատարելով  վրացական պարերի շարան։

Հայաստանի ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանը բեմ բարձրացով և ներկայացրեց «Իվերիա» ընկերության նախագահ Սվետլանա Նամչևաձեին, պատմեց այն մասին, որ ճանաչված  դաշնակահարը  տարիներ առաջ եկել է Հայաստան և լծվել է երաժշտական դպրոցների հիմնադրման պատվավոր գործին։ Նրան են համարում Քաջարանում երաժշտական դպրոցի հիմնադիրը։ Դրանից հետո նա նույն բանն արել է Էջմիածնում։ Կոնսերվատորիայի պրոֆեսորը բարձր գնահատեց իր և Սվետլանա Նամչևաձի բարեկամությունը, որը կես դարի պատմություն ունի։  Անվանի արվեստագետից հետո բեմ բարձրացավ թառահար Արսեն Միրզոյանը, ով կատարեց Սայաթ-Նովայի գործերից մեկը։           

                                                                                    

Բանաստեղծ Գագիկ Դավթյանը հանրությանը հայտնի է ոչ միայն իր բանաստեղծություններով, այլև վրացերենից կատարված թարգմանություններով։    Իր ելույթում նա կարևորեց գրողների, ընդհանրապես գրականության և մշակույթի  գործիչների դերը ժողովուրդների բարեկամության խորացման գործում։ Նա ընթերցեց Վրաստանի գրողների միության նախագահ Մեղվալա Գոնաշվիլու՝ իր թարգմանած գրքից  «Արևի արցունքը» բանաստեղծությունը։

Պատմաբան Հարություն Խուդանյանը վրացերեն լեզվով կատարեց վրաց  ժողովրդական «Ծինծղարո» երգը,ինչը դժվար կատարվող ստեղծագործություն է։          

«Իվերիա» ընկերության «Ցիցինաթելա» երգչախումբը կատարեց հենց այն երգը,որից գոյացել է իրենց երգչախմբի անվանումը ու նաև հայերեն «Կեսարիա» երգը։ Այդ երգչախմբի գոյությունն արդեն ապացուցում է, որ արվեստը տարիք չի ճանաչում։Հուզիչ էր Ջավախք աշխարհի երիտասարդ բանաստեղծուհի Նարինե Սիրեկանյանի ելույթը և նրա ընթերցած բանաստեղծությունը։

Ներկաներին հիացմունք պատճառեցին վրացական համայնքի պատանի պարողները, ովքեր կատարեցին «Կազբեգուրի» բարդ պարը

Բաթումում կայացած փառատոնում Գրան պրի մրցանակի արժանացած  «Երաժշտական ակնթարթ»՝ Նոնա Դերձակյան(ալտ), Հովհաննես Բաբայան(ջութակ) և  Թերեզա Ոսկանյան ( դաշնամուր) եռյակը կատարեց  Խաչատրյանի  «Աղջիկների պարը»  «Գայանե» բալետից , Մերաբիշվիլու «Պիես» և Ազարաշվիլու « Տանգո» ստեղծագործությունները։ Ասենք, որ այդ եռյակը կազմվել է վրացական համայնքի երաժշտության ուսուցչուհի, ալտահար Նոնա Դերձակյանի նախաձեռնությամբ։

Համերգն ավարտվեց Ռևազ Լաղիձեի «Թբիլիսո» երգով, որը կատարեց Մարինա Կուշչյանը։ Նրան ձայնակցում էր ողջ դահլիճը։

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն։ 

                                             Լևոն Ազրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am