Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Փորձագետը ակնկալիք չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ հայկական հուշարձաններն ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելու գործում

Փորձագետը ակնկալիք չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝  հայկական հուշարձաններն 
ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելու գործում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշակոթողների ավերումն ու աղավաղումը, Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի նկատմամբ դրսևորված անգործության հետևանք է նաև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

«Ադրբեջանը դեռևս 1998-2006 թվականներին պետական մակարդակով վարվող քաղաքականությամբ՝ հիմնահատակ ավերեց Նախիջևանում 26-27 հազարի հասնող հայկական բոլոր հուշարձանները: Ադրբեջանցիների կողմից Արցախի՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում հայկական հուշարձանների բացահայտ, պետական մակարդակով իրականացվող աղավաղումն ու ավերումը, հետևանք է նաև այն բանի, որ  Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ չի քաշել Նախիջևանի հայկական կոթողների ավերման խնդիրը»,-ասաց Այվազյանը:   

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական հուշարձաններն ավերելու վերաբերյալ, Հայաստանը միջազգային համապատասխան կազմակերպություններին մի քանի բողոք-դիմումներ է միայն ներկայացրել, սակայն դրան հետևող քայլեր չի կատարել:

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական հուշակոթողների պաշտպանության հնարավորության հարցին, նախիջևանագետ Այվազյանը նշեց, որ ժամանակին Ջուղայում հայկական խաչքարերի ավերման գործով ուսումնասիրություն կատարելու համար՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանձնաժողով էր ստեղծել, սակայն Ադրբեջանն արգելել էր մուտք գործել այդ տարածքներ:

«Նրանք շարունակելու են արգելել ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել իրենց տարածք և կեղծելու են պատմությունը: Պետք չէ ակնկալիքներ ունենալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը հասարակական կազմակերպություն է, կարող է ինչ-որ բան անել՝ ի պաշտպանություն հայկական մշակութային հուշակոթողների»,-համոզմունք հայտնեց Այվազյանը:

Պատմաբան Էդիկ Մինասյանի խոսքով՝ թուրք–ադրբեջանական զեղծարարները ավերելով հայկական հուշարձաններն ու մեծաքանակ տպագրական նյութերով շարունակում են կեղծել Հայոց պատմությունը, մինչդեռ՝ Հայաստանում հակահարված հասցնելու որևէ հնարավորություն ստեղծված չէ:

Բանախոսների կարծիքով՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման և պաշտպանության գործում պետք է հաշվի առնել նաև գիտական համապատասխան հաստատությունների ու փորձագետների կարծիքները: Բացի այդ, նրանք կարևորում են թուրք-ադրբեջանական զեղծարարությունների դեմ ուղղված գրահրատարակչության խրախուսումը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]