Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց վշտի բանաստեղծը. «Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել եւ անընդհատ ծափահարել…»

Հայոց վշտի բանաստեղծը. «Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել եւ 
անընդհատ ծափահարել…»

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու եւ Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը: Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է: Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը եւ Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան:

Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլեւ բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ: Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ՝ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, աստվածային շունչը…»:

Սուրեն ԱՂԱԲԱԲՅԱՆ

Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո եւ ավանդական այլ թեմաներ: Նրա մուտքը ողջունեցին ժամանակի երեւելի դեմքերը, խրախուսեցին եւ ապավեն եղան մանկությունը որբանոցներում անցկացրած, կուլայով ջուր ծախած ապագա «հանճարեղ խելագարին»: Ատրպետը նրա բանաստեղծություններից Իրանի Շիրազ քաղաքի վարդերի բույրն առավ եւ Օնիկ Կարապետյան անունը վերափոխեց Հովհաննես Շիրազի:

Երբ 1935 թ. լույս է տեսնում երիտասարդ բանաստեղծի «Գարնանամուտ» խորագրով երախայրիք գիրքը, Վահրամ Ալազանը, ինչպես շիրազագետ Սամվել Մուրադյանն է փաստում, 63 էջանոց առաջաբան է գրում թարմաշունչ գրքի համար: Այդ առաջաբանն այսօր չկա՝ կորել է, իսկ գրքում տպագրվում է ընդամենը 3,5 էջ միայն: Ինչո՞ւ: Բանն այն է, որ գիրքը խմբագրել էր այն ժամանակ հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, հանճարեղ Եղիշե Չարենցը: Իսկ երբ Ալազանը հարցրել է այդպես անխղճորեն կրճատման պատճառը, Նաիրյան երկրի բանաստեղծն ասել է. «Ի՞նչ է, կլասիկի՞ ես հրատարակում, ափսոս չէ՞ էդ տղան, բոլորը կհարձակվեն վրան…»:

Ստալինյան մարդակերության ժամանակների շունչը սեփական մաշկի վրա զգացող Չարենցը ոչ բացահայտորեն պաշտպանում էր նորահայտ տաղանդավոր բանաստեղծին: Ասվածի վկայություններից մեկն էլ այն է, որ 1934-ին լույս տեսած «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմը իր պնդմամբ է արժանանում գրական մրցանակի, սակայն հեղինակի անունը այդ առիթով ոչ մի տեղ չի տարփողվում: Զգուշացնողը նորից Չարենցն էր. այդ կերպ նա ցանկանում էր «գլավլիտ» կոչված հրեշի ուշադրությունը չբեւեռել Շիրազի վրա…

1936 թվական. Բերիա դահճի ցուցումով Թբիլիսիում սպանվում է Աղասի Խանջյանը: Ազգանվեր գործչի սպանությունը որակվում է որպես ինքնասպանություն: Խանջյանը հայտարարվում է դավաճան: «Գլավլիտն» արգելում է ոչ միայն նրա մասին գրվածքները, այլեւ նրա մասին արտահայտվող յուրաքանչյուր ոք թշնամու պիտակ է վաստակում: Քաղաքական զարհուրելի այս մթնոլորտում 22-ամյա Շիրազը գրում է իր «Մոկաց Միրզա» պոեմը՝ հիմքում դնելով ավանդազրույցը ազնիվ ու ազգանվեր Միրզայի մասին, որին թունավորում է թուրք փաշան: Մոկաց Միրզայի կերպարում բանաստեղծը մարմնավորել էր Աղասի Խանջյանին՝ «գլավլիտի» ճիրաններից խուսափելու նպատակով փոխելով պոեմի գրման տարեթիվը՝ 1934-1935 թթ.: «Իմ այդ պոեմը գրվել է Խանջյանի սպանության առիթով,- այսպիսի տողեր է թողել հայոց վշտի երգիչն իր ձեռագրերում ու շարունակել.- խամ տղա էի՝ փոխանակ պոեմս մեքենագրելու տայի, ձեռագրով հանձնեցի «Գրական սերունդ» ամսագրին: Չտպեցին, բայց հետ էլ չտվեցին, իբր կորցրել էին: Իսահակյանը եւ Ալազանը երբ իմացան պոեմի բովանդակությունը՝ կշտամբեցին ինձ: Ալազանն ասաց. «Ինչո՞ւ ինձ ցույց չտվիր, ինչ գնով էլ լինի, գնա հետ վերցրու ձեռագիրը…»: Ես տագնապի մեջ ընկա՝ կռահելով ո՛չ բարին: Մի քանի անգամ արշավեցի խմբագրություն՝ պահանջելով պոեմիս ձեռագիրը: Վերջը բանը հասավ դիվանբաշուն՝ ծեծկռտվեցինք: Գրողների մեծադահլիճի ժողովում խիստ հարձակվեցին վրաս: Մինչդեռ ես ճչում էի՝ պոե՜մս, պոե՜մս տվեք… Եվ նույնիսկ արտասանեցի, որ իբր գութի բերեմ.

Հազար ափսոս Մոկաց Միրզեն,

Հազար ափսոս է՛լ Աղասին,

Էլ ետ չի գա հայոց բազեն,

Էլ հույս չկա մեծ Մասիսին…»:

Այդպես էլ չքանում է հանճարի տարաբախտ պոեմը, որից հետագայում գտնվում է մեկ գլուխ միայն եւ մեկ էջ սեւագրություն:

Ամեն դեպքում, մասիսերգակ բանաստեղծը հայտնվում է «գլավլիտի» ուշադրության կենտրոնում. նրա սքանչելի գրվածքներից շատերը լույս չեն տեսնում իր կենդանության օրոք՝ «Հայոց դանթեականը», «Անի», «Թոնդրակեցիներ» պոեմներն ու հարյուրավոր բանաստեղծություններ պարուրվում են ժամանակի փոշով: Ավելին՝ բանտարկված էին նրա ոչ միայն այդ ստեղծագործությունները, այլեւ ինքն էր աչալուրջ հսկողության տակ: Մանավանդ Հայոց մեծ եղեռնի նախօրեին ու այդ օրը բանաստեղծին կամ տնային կալանքի էին ենթարկում, կամ հեռացնում մայրաքաղաքից: Մոսկվայի հրահանգներով ղեկավարվող հայրենի իշխանությունները գերազանցորեն գիտակցում էին, որ բավական էր համաժողովրդական սեր ու համբավ վայելող բանաստեղծի մեկ խոսքն անգամ, որ ողջ ազգն ալեկոծվի, աշխարհով մեկ աղաղակի էրգիր ու բնօրրան կորցրածի իր ցավն ու վիշտը, իր արդարացի պահանջատիրությունը, իր բողոքն ու ցասումը: Այդպիսին էր նա՝ «Հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղը, «Բիբլիականը» վայրի տաղանդով գրած բանաստեղծը» /Ավետիք Իսահակյան/, հրեղեն երգի հանճարը, որի անունը լսելիս, ինչպես մեծանուն Վիլյամ Սարոյանն է ասում՝ «պետք է ոտքի կանգնել եւ անընդմեջ ծափահարել, որովհետեւ հայրենիքի մի հերոս էլ ինքն էր՝ Շիրազը…»:

Այսօր նրա ծննդյան օրն է՝ մեր հիշողության թուրմը քամողի, կորսված հայրենիքի անթեղը հայ հոգիներում անշեջ պահողի, իր ու մեր պաշտելի լեռան հավերժական ձյուներին ազգապաշտ իր սիրտը պահ տված Հանճարեղ Խելագարի, որը մեր երթի առաջնորդն է լինելու բոլոր ժամանակներում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am