Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրակրթության պետական չափորոշիչը դպրոցին ինքնուրույն որոշելու հնարավորություն է տալիս

Հանրակրթության պետական չափորոշիչը դպրոցին ինքնուրույն որոշելու 
հնարավորություն է տալիս

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում 2021 թվականի ուսումնական տարվա սկզբից կմեկնարկի հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների պիլոտային ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ չափորոշիչների փորձարկման նպատակով Տավուշի մարզի շուրջ 4 հազար ուսուցիչ վերապատրաստվել է:

Սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած մինչև նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր: Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկա առարկայի (ԲՏՃՄ) առարկայական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի  «ԱՅԲ» հիմնադրամը, հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչներինը` Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ):

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Տավուշում ընդհանուր առմամբ կա 82 դպրոց, որոնց զգալի մասը միջնակարգ դպրոցներ են:

«Մարզի ընտրությունը հատուկ նշանակություն չունի, ուղղակի սկսել ենք այստեղից: ԿԳՄՍ նախարարությունն ընտրել է փուլային ներդրման տարբերակը, այսինքն՝ այժմ փորձարկումն իրականացնում ենք 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այսպիսով, մենք կհասկանանք, թե ի՞նչ խնդիրներ կան, ապա կվերանայենք ու դպրոցին կտրամադրենք ամբողջական տարբերակը: Հաջորդ տարի ծրագիրը կիրականացվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների, ապա 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների համար: Այս չափորոշիչները դպրոցներին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն են տալիս՝ ուսումնական պլանն առանց խիստ սահմանների ձևավորում, ավագ դպրոցում աշակերտի ապագա մասնագիտությանն ուղղված առարկաների ընտրություն և այլն»,- նշեց Թորոսյանը:

Ուսումնական տարվա սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիս ԿԶՆԱԿ-ը եռօրյա այցելություններ է իրականացնելու Տավուշի մարզի դպրոցներ: Առաջին երկու օրը մասնագետները դպրոցներում դասալսումներ են կատարելու իրենց առարկայի մասով՝ ուսումնասիրելու են, թե ինչ հաջողություններ են գրանցում ուսուցիչները և ինչ դժվարություններ են առաջանում:

«Մեր մասնագետները կփորձեն այդ ընթացքում տալ լուծումներ առկա խնդիրներին կամ կվերադառնան ԿԶՆԱԿ ու մյուս մասնագետների հետ համատեղ կմշակեն այդ լուծումներն ու կներկայացնեն ուսուցիչներին: Երրորդ օրը ուսուցիչները հավաքվելու են իրենց դպրոցներում, ինչից հետո մասնագետները ամփոփ ներկայացնելու են երկու օրում արձանագրած խնդիրներն ու դրանց լուծումները, ինչպես նաև լսելու են ուսուցիչների բարձրաձայնած հարցերը»,- ասաց ԿԶՆԱԿ-ի տնօրենը:

Օգոստոսի 17-ից կմեկնարկի տնօրենների վերապատրաստման գործընթացը, որի ընթացքում կկազմվեն նոր ուսումնական պլանները:

Վերապատրաստված ուսուցիչներից մեկը՝ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Սյուզաննա Օհանյանը մասնակցել է քառօրյա վերապատրաստմանը, նա նշեց, որ չափորոշիչների փոփոխությունը շատ կարևոր է:

«Մեծ փոփոխություններ են կատարվել, ամեն ինչ դեպի լավն է ուղղված: Բովանդակային առումով ծրագրային շատ փոփոխություններ չկան, սակայն մեթոդաբանության առումով դրանք բավական շատ են: Դրական փոփոխություններից է, հատկապես, ձևավորվող գնահատման համակարգի ներդրումը: Այս ամենը միտված է երեխայի ավելի շատ զարգացմանը»,- ասաց Օհանյանը:

ԿԶՆԱԿ-ի հայրենագիտություն բնագավառի պատասխանատու, «Հայոց պատմություն» 7-րդ և 10-րդ դասարանի ուսուցիչների վերապատրաստող մասնագետ Հասմիկ Մարգարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վերապատրաստման գործընթացը շատ հարթ է ընթացել:

«Ուսուցիչները շատ սիրով էին մոտենում ամեն ինչին ու բավականին հեշտ յուրացնում ինֆորմացիան: Ընդհանուր առմամբ, այս ուղղվածությամբ վերապատրաստվել է 128 ուսուցիչ՝ Բերդ, Նոյեմբերյան, Իջևան և Դիլիջան քաղաքներից: Դասընթացն անցել են բոլոր այն ուսուցիչները, ովքեր եկող տարի 7-րդ և 10-րդ դասարաներում դասավանդելու են «Հայոց պատմություն» առարկան:

Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am