Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Իսրայելը վախենում է աֆղանական շղթայական ռեակցիայից. Բաղդադը կկիսի՞ Քաբուլի ճակատագիրը

Իսրայելը վախենում է աֆղանական շղթայական ռեակցիայից. Բաղդադը կկիսի՞ Քաբուլի 
ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական էլիտան զգուշանում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերումը կհանգեցնի այն բանին, որ առանց ԱՄՆ-ի աջակցության կմնան նաեւ այլ տարածաշրջաններ: Համապատասխան ահազանգ է հնչեցրել «Մոսադ» հետախուզական գերատեսչության նախկին ղեկավար Յոսի Քոենը: Նա զգուշացրել է, որ հաջորդը կարող է լինել Իրաքը, որտեղ Վաշինգտոնն արդեն հայտարարել է մինչեւ տարվա վերջ ակտիվ մարտական առաքելության ավարտի մասին: Նախկին հետախույզի գնահատմամբ՝ նման իրավիճակը կհանգեցնի իրանական տարածաշրջանային ազդեցության ամրապնդման: Իսկ դա, ըստ նրա, չի կարող չսպառնալ հրեական պետությանը:

Իր ապրումները Քոենը նկարագրել է «Էդիոթ Ահրոնոտ» հանդեսի սյունակում: Հայտնի հետախուզական գերատեսչության նախկին ղեկավարը վստահություն է հայտնել, որ պատերազմներին վերջ տալու ԱՄՆ-ի մոլուցքը կարող է դաժան կատակ խաղալ Մերձավոր Արեւելքի հետ: Մասնավորապես, ըստ նրա, ամերիկյան առաքելության ամբողջական կրճատումը պետք է սպասել իրաքյան ասպարեզում, որտեղ միջազգային աջակցության դադարեցումը պարզապես միջկրոնական հակամարտություն կառաջացնի եւ հարեւան Իրանին կմղի իր բազմակողմանի ներկայության աճի: «Հապճեպ եւ չմտածված դուրսբերումը կարող է հանգեցնել Իրաքի՝ տարբեր կրոնական հատվածների բաժանման»,- ասել է Քոենը՝ ավելացնելով, որ դա հարմար իրավիճակ կստեղծի նրանց համար, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն հանրապետության նկատմամբ:

Քոենը նշել է, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի Իրաքի անվտանգության համակարգի արագ փլուզմանը: «Իրանը ոչ մի պահ չի հրաժարվել իր ռազմական դիրքերն ամրապնդելու ջանքերից»,- նշվում է «Էդիոթ Ահրոնոտի» սյունակում: Նախկին հետախույզի գնահատումներով՝ իրանական կողմն ունի «շոշափելի եւ անհանգստություն առաջացնող» բազա՝ իր ազդեցությունն Իրաքում, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբանանում տարածելու համար: «Իսրայելը եւ նրա ղեկավարները պետք է ռազմավարություն ձեւավորեն եւ հստակ նպատակներ սահմանեն նոր քաղաքականության համար: Մեր պահանջները պետք է վերաբերեն կայուն Մերձավոր Արեւելքին, որտեղ չեզոքացված է Իրանի՝ տարածաշրջանում դիրքավորվելու կարողությունը»,- ասել է Քոենը՝ առանձին հիշեցնելով անհրաժեշտությունը, որ չի կարելի թույլատրել Թեհրանին՝ ունենալու միջուկային զենք:

Նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մեկ ամիս առաջ հայտարարեց Իրաքում մինչեւ դեկտեմբերի 31-ը իր զորախմբի մարտական առաքելության ավարտի մասին: Համապատասխան նախաձեռնությունն ընդունվել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի հետ Սպիտակ տան ղեկավարի առերես հանդիպումից հետո: Վաշինգտոնը եւ Բաղդադը պայմանավորվել են փոխակերպել անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այն պետք է կենտրոնանա նախապատրաստության, տեղի անվտանգության ուժերին խորհրդատվության եւ ուսուցման, հետախուզական տեղեկատվության փոխանակման վրա: Բացի այդ, Բայդենի վարչակազմը հայտնել է, որ մտադիր է շարունակել աջակցել իրաքյան անվտանգության ուժերին եւ քրդական կազմավորումներին ՝ «ապագա սպառնալիքներին դիմակայության ներուժի ամրապնդման նպատակով»:

Ամերիկացի պաշտոնաթող պաշտոնյաներն այն ժամանակ վստահեցնում էին, որ ԱՄՆ-ի մարտական առաքելության դադարեցման հայտարարությունը, որը սպասվում էր վերջին ամիսների ընթացքում, խորհրդանշական ժեստ է, այլ ոչ թե Սպիտակ տան մերձավորարեւելյան ռազմավարության կոնկրետ փոփոխություն: «Սա ավելի շուտ խաղ է, քան իրականություն»,- ասել էր Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Ռայան Քրոքերը: Ռազմաքաղաքական հարցերով պետքարտուղարի նախկին օգնական, բրիգադի պաշտոնաթող գեներալ Մարկ Քիմիտը, իր հերթին, նշել էր, որ իրավիճակը տեղում դժվար թե փոխվի: «Եթե ոչ մարտական հետախուզական, խորհրդատվական եւ լոգիստիկ գործողությունները շարունակվեն զորքերի նույն մակարդակով, քիչ հավանական է, որ այս որոշումը նշանակալից օպերատիվ ազդեցություն ունենա»,-ասել է նա:

Այս առումով վաղաժամ է ակնկալել, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կգա Իրաքից: Յուրաքանչյուր երկիր, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, ունի իր առանձնահատկությունները:

Բացառված չէ, որ Քոենի սյունակը, որին համարում էին նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուի ամենամերձավոր կողմնակիցներից մեկը, պատասխան է Իրանին հակազդեցության տեսանկյունից ԱՄՆ-ի եւ Իսրայելի առաջնորդների առերես հանդիպման չափազանց դրական արդյունքներին:

Այս շաբաթ իսրայելական «Հաարեց» թերթը բացահայտեց Բայդենի եւ վարչապետ Նաֆտալի Բենետի բանակցությունների արդյունքները: Ինչպես պարզվեց, կառավարության ղեկավարը Վաշինգտոնին ներկայացրել է իրանական քաղաքականության շուրջ իրավիճակի նոր տեսլականը: Դրա շրջանակներում իսրայելցիները խոստովանում են, որ չեն ցանկանում Իրանի դեմ գործել առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցման: Նախաձեռնությունը ենթադրում է հետախուզության գծով երկրների միջեւ կապերի ամրապնդում եւ իրանական ատոմի մոնիտորինգի որակի բարձրացում:

Միեւնույն ժամանակ հրեական պետությունը, ըստ նշված թերթի տեղեկությունների, դեմ չէ, որ Իրանը վերադառնա «միջուկային գործարքին»: Ավելին՝ նրա համար թույլատրելի է, որ իրանցիները, ինչպես սպասվում է, հասնեն մի սցենարի, որի դեպքում կարող են ուրանը հարստացնել մինչեւ 60 տոկոս եւ օգտագործել կատարելագործված ցենտրիֆուգներ: Միեւնույն ժամանակ Բենետի կառավարությունը, ակնհայտ է, պատրաստ է այն բանին, որ Իսլամական Հանրապետության դեմ որոշ պատժամիջոցներ հեռանկարում հանվեն, եթե «միջուկային գործարքի» վերականգնման երկխոսությունը պտուղներ տա: Ավելին՝ Իսրայելը նույնիսկ կօգնի Իրանին՝ վերականգնելու ազգային տնտեսությունը: Սակայն իսրայելական նոր պլանը ենթադրում է, որ Իրանն ուժեղացված հսկողության տակ է լինելու ընդհուպ մինչեւ այն, որ ռազմական օբյեկտներ մտնելու իրավունք ունենան միջազգային դիտորդները:

Բայց, ընդհանուր առմամբ, նման ռազմավարությունը կնշանակի արմատական տեղաշարժ Իսրայելի քաղաքականության մեջ: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հեռացավ Աֆղանստանից, հրեական պետության ղեկավարները փորձում են հասկանալ, թե ինչ կլինի իրենց հետ, եթե ամերիկյան ուժերը լքեն Մերձավոր Արեւելքը: Իսրայելի նոր քաղաքականության մեջ, հավանաբար, այլեւս նույն արժեքը չունի Ադրբեջանը, որը հրեական պետությանը պետք էր սոսկ Իրանի դեմ պլացդարմի տեսանկյունից: Բայց այդ թեմային կանդրադառնանք «ՀՀ»-ի առաջիկա համարներում:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]