Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Շեքսպիրյան փառատոնը՝ մշակութային կարևոր բաղադրիչ. մեկնարկում է սպասված թատերական իրադարձությունը

Շեքսպիրյան փառատոնը՝ մշակութային կարևոր բաղադրիչ. մեկնարկում է սպասված 
թատերական իրադարձությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու մեծանուն դրամատուրգի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ ինչպես դասական, այնպես էլ անսովոր մեկնաբանությամբ:

Փառատոնին Հայաստանը կհյուրընկալի ոչ միայն դերասանների, այլև ոլորտի այլ ներկայացուցիչների՝ ռեժիսորների, թատրոնների տնօրենների և այլոց, որոնք վարպետաց դասերի միջոցով իրենց փորձը կփոխանցեն երիտասարդ ստեղծագործողներին:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում փառատոնի տնօրեն, ռեժիսոր Կարո Բալյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը 2021-ին անցկացվելու է նոյեմբերի 15-20-ը: Թատերասերները ներկայացումները կարող են դիտել Երևանի տարբեր թատերական հարթակներում:

Բալյանը հայտնեց, որ փառատոնի անցկացման համար դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, սակայն նախարարությունն այս տարի չի օժանդակել. ստիպված դրամահավաք են հայտարարել:

«Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը մշակութային կարևոր բաղադրիչ է Հայաստանում: Երբ դրամահավաք կազմակերպեցինք, իմ մտերիմներից Հայկ Գրեգորյանն ասաց, որ փառատոնը չպետք է այդ կերպ անցկացվի. առնվազն ամոթ է: Նա խնդրեց դադարեցնել դրամահավաքն ու ինքը փոխանցեց գումարը: Երկու ամսում կապ հաստատեցինք այն թատերախմբերի հետ, որոնք պետք է մասնակցեին փառատոնին: Ոչ բոլորը կկարողանան գալ, քանի որ շատ թատրոններ իրենց ծրագրերը կազմում են ամիսներ առաջ: Ցանկալի է, որ փառատոնը կայուն ֆինանսավորում ունենա, որպեսզի նախապես պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,-ընդգծեց Բալյանը:

Չնայած խոչընդոտներին՝ փառատոնը կհամագործակցի հետաքրքիր թատերախմբերի, անհատների հետ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: Այն կհյուրընկալի Պերմի «Ու մոստա» թատրոնին, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Ֆեդոտովն է: Նա վարպետաց դաս կանցկացնի այստեղ, դաս կվարի նաև հայտնի ռեժիսոր, խորեոգրաֆ Կոնստանտին Միշինը և այլք: Հետաքրքիր բեմադրություններով թատերախմբեր կգան Բուլղարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից: Կլինեն նաև անակնկալներ, որոնց մասին Բալյանը դեռ չի բարձրաձայնում: «Շատ եմ կարևորում  երիտասարդ մասնագետների հետ փորձի փոխանակումը, որովհետև այս փառատոնն ի վերջո կյանքի է կոչվում հայ հանդիսատեսի և հայ երիտասարդ մասնագետների համար: Փառատոնն իրականացվում է բացառապես մշակույթը զարգացնելու նպատակով, և ես սկզբունքորեն և ամեն գնով ամեն ինչ անում եմ, որ այն կայանա»,-շեշտեց Կարո Բալյանը:

Շեքսպիրյան փառատոնի կարևոր մաս կկազմի «FestOUT» հատուկ ծրագիրը: Այն նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Երիտասարդները կարող են շեքսպիրյան բեմադրությունները ներկայացել այդ հարթակում: Բալյանի խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար դիմել են ինչպես  Հայաստանում ստեղծագործող խմբերն ու անհատները, այնպես էլ՝ այլ երկրներում:

Խոսելով փառատոնին ցուցադրվող ներկայացումների մասին՝ Բալյանն ասաց՝ կլինեն շեքսպիրյան հայտնի գործերի հետաքրքիր, երբեմն անսպասելի ու զարմանալի մեկնաբանություններ: «Ես ամեն ներկայացմամբ երեխայի պես ուրախանում եմ:  Շեքսպիրյան փառատոնի տնօրենն եմ, բայց, նախ և առաջ, միջնորդ եմ  թատերասերների և թատրոնների միջև, մարդ, որը կարողանում է բոլորին բերել ու ժամադրության վայր նշանակել Երևանում»,-ընդգծեց նա:

Կարո Բալյանն իր ռեժիսորական գործունեության ընթացքում հաճախ է բեմադրում Շեքսպիրի ստեղծագործությունները: Չի սիրում խոսել բեմադրական լուծումների, խնդիրների մասին, նախընտրում է աշխատանքով ամեն ինչ պատմել: Ըստ նրա՝ Շեքսպիրի գործերը բեմադրելիս, եթե անգամ նախապես մտածել ես, թե ինչպես է պետք աշխատել և ուր գնալ, ընթացքում հասկանում ես, որ բոլորովին այլ բան ես ցանկանում անել. դրան նպաստում են թե՛ դերասանները, թե՛ այն մտքերը, որոնք այդ պահին ծնվում են: «Մի վայրկյանում կարող ես շուռ տալ ներկայացումն ու անել այն, ինչն այդ պահին քեզ ոգևորում  ու տանում է  դեպի նա: Շեքսպիրը ֆանտաստիկ դրամատուրգ է. նա Աֆրիկայում աֆրիկացի է, Ֆրանսիայում ֆրանսիացի է, Հայաստանում՝ հայ»,-ասաց ռեժիսորն ու հայտնեց, որ առաջիկայում Շեքսպիր է բեմադրելու Ռուսաստանում, Հունգարիայում:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]